Վաղվա պատերազմում հայկական կողմերն ուժ են չափելու արդեն Թուրքիայի հետ. քաղաքագետ
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտահոգված է, որ ԼՂ կարգավորման հարցում Հայաստանի եւ Արցախի տեսակետները նույնական են, գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:
«Որտեղի՞ց է նա այդ մասին տեղեկացված: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 15-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել եւ վերստին, ընդ որում՝ շեշտադրումների ակնհայտ կոշտացումով, հնչեցրել յոթ սկզբունքներ: Հայաստանի ոչ վարչապետը, ոչ արտգործնախարարը նման մոտեցում չեն հրապարակայնացրել: Ռոբերտ Քոչարյանի մտահոգությունն, ըստ էության, այլ ենթատեքստ ունի: Հայաստանում եւ Արցախում փոխվում է հիմնախնդրի ընկալումը: Այս դեպքում ծագում է լայն դիսկուրսի անհրաժեշտություն: Երկրորդ նախագահը բավական հստակ ձեւակերպեց անհանգստությունը՝ խոսելով Թուրքիայի մասին: Այո, դա փաստ է՝ Թուրքիան միջազգայնացրել է Ադրբեջանում ռազմական ներկայությունը, եւ որեւէ արձագանք չի հետեւել:
Այլեւս անիմաստ է վիճել, թե ինչու դա տեղի ունեցավ: Գործ ունենք կատարված փաստի հետ: Եւ պետք է ընդունել, որ վաղվա պատերազմում հայկական կողմերն ուժ են չափելու արդեն Թուրքիայի հետ: Ասել, թե այդպես եղել է նաեւ 90-ականների պատերազմում, ճիշտ է միայն հարաբերականորեն: Այլ բան է «Գորշ գայլերի» մասնակցությունը, բոլորովին այլ, երբ այսօր Ադրբեջանում է թուրքական F-16 կործանիչների էսկադրիլիան կամ «Բայրակդար» ԱԹՍ-երը: Թուրքիան իրո՞ք պատրաստվում է պատերազմի, թե՞ ուժ է ցուցադրում, որպեսզի քաղաքական դիվիդենտներ շահի: Իրավիճակն այնպիսին է, որ ոչ ոք կանխատեսում անել չի կարող: Հայաստանի համապատասխան կառույցներն, անշուշտ, դիտարկում-ուսումնասիրում եւ վերլուծում են ամեն ինչ: Պաշտպանության նախարարի առաքելությունն է՝ խոսել պատերազմին պատրաստության եւ ասիմետրիկ հարվածի մասին: Դիվանագիտության խնդիրն է՝ չեզոքացնել սպառնալիքը կամ առնվազն հեռացնել: Բայց ամենաառաջնայինը, թերեւս, երկրի իմիջն է, թե աշխարհին ինչ ազդակներ եւ ինչպես են հղվում: Սա չափազանց լուրջ խնդիր է:
Երբ Հայաստանն անցնում էր կառավարման խորհրդարանական համակարգի, այսօրվա իրավիճակի կանխատեսում, երեւի, չկար: Երկիրը պատրաստվում էր եթե ոչ խաղաղության, ապա առնվազն ոչ պատերազմական ռեժիմում զարգացման: Քարոզչությունը, որ Հմայակ Հովհաննիսյանի մակարդակով տարվում է, թե Սերժ Սարգսյանը «հինգ միլիարդ դոլարով ծախում էր Արցախը» հիմնավորապես պոպուլիստական եւ ամենից առաջ գործող իշխանության համար է վտանգավոր, որովհետեւ նրան տանում է փակուղի. կամ հրաժարվել բանակցություններից եւ ընդունել պատերազմի մարտահրավերը, կամ վերադառնալ, ինչպես Ռուսաստանի արտգործնախարարն է ասում՝ «նախկին մշակումներին»: Պատերազմն, իհարկե, հանգուցալուծման հնարավորություն է, բայց՝ երկու կողմի համար հավասար հավանականությամբ: Ընդ որում, պատերազմը պահանջում է ոչ միայն սպառազինությունների, այլեւ կառավարման համակարգի արդիականացում: Կա՞ երաշխիք, որ Հայաստանն այդքան ժամանակ ունի: Դեպքերը կարող են սրընթաց զարգանալ եւ մեզ կանգնեցնել փաստի առաջ, մինչդեռ Հայաստանն այսօր «ներսից եռում է»: 2018թ. ապրիլը քաղաքական գայթակղություն է սադրել, եւ ամեն երկրորդ կուսակցություն իրեն պատկերացնում է կառավարող ուժ կամ նվազագույնը՝ իշխող կոալիցիայի մաս: Անկախությունից ի վեր մենք երբեք նման «տուրբուլենտ» վիճակում չենք եղել, երբ հանրային տրամադրությունները պարզապես չեն կառավարվում: Այսօր դիսկուրս բացել, թե ինչու կամ ում մեղքով է այդպես ստացվել, վտանգավոր ժամավաճառություն է, ինչպես որ պետական օրակարգի նենգափոխություն է դնել բուհական քննությունների արդյունքների վերանայման կամ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի խնդիր: Տարածաշրջանային սպառնալիքը բախում է մեր Հայրենիքի դուռը, եւ ներքաղաքական մորատորիումը ոչ թե անհրաժեշտություն, այլ հրամայական է: Տավուշյան եռօրյա մարտերը, որքան էլ էյֆորիան մեծ լինի, ռազմա-քաղաքական բալանս չեն փոխել եւ անթույլատրելի է հանրային տրամադրություններ գեներացնել, թե այդպիսով կանխորոշված է մեծ պատերազմում հակառակորդի պարտությունը: Էյֆորիան ամենավտանգավորն է»,- գրում է քաղաքագետը: