Դեսպան Աշոտ Սմբատյանն ավարտել է Հունգարիայում դիվանագիտական առաքելությունը
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի՝ Հունգարիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հունիսի 17-ին Բուդապեշտում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն։ Այս մասին հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։
Ընդունելությանը ներկա են եղել Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Հունգարիայի Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության և այլ նախարարությունների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը ներկա էին նաև Հունգարիայի Հայ ինքնավարության ղեկավարությունը, դիվանագիտական անձնակազմի ղեկավարներ և անդամներ, հայ համայնքի և համալսարանական շրջանակների ներկայացուցիչներ։
ՀՀ դեսպանն իր հրաժեշտի խոսքում շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին, մասնավորապես ԱԳ և առևտրի նախարարության ներկայացուցիչներին՝ սերտ համագործակցության և աջակցության համար, ինչպես նաև Հայ ինքնավարության ներկայացուցիչներին՝ Նիկողոս Հակոբյանին, Ցարան Իշտվանին և այլոց, նշելով, որ պաշտոնավարման ընթացքում միշտ զգացել է նրանց գործուն աջակցությունը, առանց որի հնարավոր չէր լինի հասնել զգալի արդյունքների։
Նույն օրը Հունգարիայի Հայ ինքնավարության նախագահությունը ՀՀ դեսպանին պարգևատրել է Հունգարիայի Հայ ինքնավարության և Հունգարիայի կառավարության համատեղ տարեկան «Արարատ հանուն հայության» բարձր մրցանակով՝ Հայ համայնքի համար կատարած բացառիկ գործունեության համար։