երկուշաբթի, նոյեմբեր 16
16 / 11 / 2026
Ես վստահ եմ՝ այդ ադրբեջանցուն 4-5 տարի կտան, հետո կհանձնեն Ադրբեջանին. Էդգար Ղազարյան

Ես վստահ եմ՝ այդ ադրբեջանցուն 4-5 տարի կտան, հետո կհանձնեն Ադրբեջանին. Էդգար Ղազարյան

Ես վստահ եմ, որ այդ ադրբեջանցին հանձնվելու է Ադրբեջանին, և նա ազատության մեջ է գտնվելու։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Շաքի ներխուժած և բնակչի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողին։

Նա, մասնավորապես, ասաց. «Իրենք այդ ֆորմալ կողմը ապահովելու են։ Դե պարզ է, եթե քրեական վարույթ է, պիտի ավարտվի, գործը պիտի ուղարկեն դատարան, դատարանը դատապարտելու է ազատազրկման։ Չգիտեմ, կարող է մի 4-5 տարի տան, կապ չունի։ Հետո ոտից գլուխ սև գույնի շորերը կհագցնեն, կտանեն, կհանձնեն ադրբեջանցիներին, 2023–ին էլ տենց արեցին։ Նա կմնա ազատության մեջ, ոնց որ Ռամիլ Սաֆարովը»:

Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է փոխանակում լինի հայ գերիների հետ, Էդգար Ղազարյանը նշեց. «Չէ-չէ, ո՞վ է դրանց թողնում այդպիսի բան անել։ 2026 թվականի հունվարին Սրբուհի Գալյանը նույնիսկ 44-օրյա պատերազմում գերեվարված սիրիացի մարդասպան վարձկան ահաբեկիչների է հանձնել Թուրքիային, որպեսզի նրանք հիմա գտնվեն ազատության մեջ: Ինչի՞ մասին եք խոսում: Չէ, ես վստահ եմ, որ այդ ֆորմալ կողմն ապահովելու են, որից հետո այդ ադրբեջանցուն հանձնեն Ադրբեջանին, ուրիշ բան չի կարող լինել»։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:

Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Անի Ավետիսյանը:

Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:

Շաքիում արձանագրված դեպքով քրեական օրենսգրքի 5 հոդվածներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նա կալանավորվել է երկու ամսով։

  • Կիսվել: