«Դադարեցնել քաղաքական հետապնդումները և բռնաճնշումները»․ Կանադահայոց թեմի հոգևորականաց դասը և հավատացյալ զավակները զորակցություն են հայտնում Սամվել Կարապետյանին
Կանադահայոց Թեմի հոգևորականաց դասը և հավատացյալ զավակները լիակատար հոգևոր համերաշխությամբ և եղբայրական սիրով իրենց ամբողջական զորակցությունն են հայտնում ազգային մեծ բարերար, եկեղեցու անվանի նվիրյալ Տիար Սամվել Կարապետյանին, ով հաստատում է իր աներկբա նվիրվածությունը համազգային արժեքների պաշտպանության սրբազան գործին:
Հայտարարությունում նշված է․
«Ցավով և մտահոգությամբ ենք արձանագրում, որ վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս քաղաքական հալածանքի ակնհայտ դրսևորումներ Տիար Սամվել Կարապետյանի դեմ՝ հենց նրա այն վսեմ և հայրենանվեր դիրքորոշման պատճառով, որով նա հանդես է գալիս ի պաշտպանություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավունքների, ինքնիշխանության և մեր հոգևոր ժառանգության անաղարտության:
Այդ ամենը խորը մտահոգություն է առաջացնում մեր համայնքում, ինչպես նաև լուրջ կասկածի տակ է դնում Հայաստանում իրավական պետության և ժողովրդավարական սկզբունքների գործնական դրսևորումը:
Մենք՝ Կանադայի թեմի հոգևոր հայրերն ու հավատացյալները, Տիար Սամվել Կարապետյանին, ընկալում ենք որպես այն բացառիկ հայորդիներից մեկը, ով իր կյանքի, կարողության և ժամանակի մի զգալի հատվածը նվիրել է Հայ Եկեղեցու հզորացմանը և ազգային միասնության ամրապնդմանը։
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին, ինչպես նաև իրավապահ կառույցներին՝ դրսևորել ողջախոհություն և արդարամտություն, անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումները և բռնաճնշումները Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ:
Թող Աստծո արդար դատաստանը ուղեկցի յուրաքանչյուր որոշում, և մեր Սուրբ Եկեղեցին՝ իր նվիրյալ զավակների շնորհիվ, շարունակի իր առաքելությունը Հայ ազգի հոգևոր վերածննդի և միաբանության ճանապարհին»։