հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
ՄԱԿ-ի բանագնացը Թուրքիային կոչ է անում դադարեցնել Իսրայելին զինտեխնիկայի մատակարարումը

ՄԱԿ-ի բանագնացը Թուրքիային կոչ է անում դադարեցնել Իսրայելին զինտեխնիկայի մատակարարումը

ՄԱԿ-ի Պաղեստինի հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն խիստ քննադատությամբ է արձագանքել այն տեղեկություններին, ըստ որոնց՝ Թուրքիայի նավահանգստից շարժվող «VELA» անունով բեռնատար նավը զինտեխնիկական նյութեր է տեղափոխել Իսրայելի զինված ուժերի համար, գրում է ermenihaber.am-ը:

«Մի՛ դարձեք հանցագործության մասնակից։ Գազայում շարունակվող ցեղասպանության ընթացքում ռազմական բեռի մատակարարումը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է»,- հայտարարել է Ալբանեզեն՝ կոչ անելով Թուրքիային անհապաղ դադարեցնել նման համագործակցությունը։

Այս կոչը հնչել է այն օրերին, երբ Իսրայելի բանակը միջազգային ջրերում կանգնեցրել և զենքով միջամտել է Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող «Madleen» նավին։ Նավում կային տարբեր երկրների ակտիվիստներ, այդ թվում՝ Գրետա Թունբերգը, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռիմա Հասսանը, ինչպես նաև երկու թուրք քաղաքացի։ Նավի ուղևորները ձերբակալվել են։

Թուրքիայի իշխանությունները մի կողմից հրապարակավ դատապարտում են Իսրայելի գործողությունները՝ դրանք որակելով որպես ցեղասպանություն, մյուս կողմից՝ թուրքական նավահանգիստներից դեպի Իսրայել շարժվող ռազմական նշանակության բեռները հանրային դժգոհություն են առաջացրել։

Հանրային քննադատության կենտրոնում է հայտնվել իշխանության խոսքի և գործի հակասությունը․ մի կողմից՝ «Գազայի վերաբեյալ ոչ մի լռություն» հռետորաբանություն, մյուս կողմից՝ լուռ աջակցություն Իսրայելի ռազմական տնտեսությանը։


«The Ditch» հետազոտական հարթակի փաստաթղթերը վկայում են, որ Թուրքիան, չնայած իր հրապարակային հռետորաբանությանը, գործնականում շարունակում է առևտրային կապերը Իսրայելի ռազմական արդյունաբերության հետ։

Ֆրանչեսկա Ալբանեզեն եզրափակել է՝ «Խաղաղ բնակչությանը սովի մատնելը, օգնություն ցուցաբերողներին հալածելը և ռազմական փոխադրումների շարունակումը մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Պետությունները չպետք է դառնան այս հանցագործության համակատար»։

  • Կիսվել: