Իսրայելը հարվածել է Գազայի հիվանդանոցին. կա վեց զոհ
Իսրայելի օդուժը Գազայի հարավում Խան Յունիսի գլխավոր հիվանդանոցին գիշերը հարվածներ է հասցրել, որոնց հետևանքով առնվազն վեց պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ ճանաչված վիրաբույժ Ռեզիք Աբուշիրան և մի 13-ամյա տղա: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով հիվանդանոցի բժիշկներին:
Նշվում է, որ հարվածը հասցվել է «Նասեր» հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի մասնաշենքին: Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, թե իրենց թիրախը Մուհամադ Աբու Իսմայիլն էր, ում ներկայացնում են իբրև ՀԱՄԱՍ-ի՝ Խան Յունիսի բրիգադի հրամանատար:
Ինչպես հայտնել է Իսրայելի բանակը՝ զինյալները հիվանդանոցային համալիրն օգտագործել են հարձակումներ պլանավորելու համար: Իր հերթին ՀԱՄԱՍ-ը հերքում է այս տեղեկությունը:
Ըստ ականատեսների՝ հինգհարկանի շենքի տանիքը երկու հրթիռ է ճեղքել՝ մեծ ավերածություններ պատճառելով: Վիրաբուժական բաժանմունքը շարքից դուրս է եկել:
Աղբյուրը հավելում է, որ այսօր ևս երեք պաղեստինցիներ զոհվել են Գազա քաղաքում իսրայելցիների հարվածից և փախստականների Բուրեյջ ճամբարում կրակոցներից:
Նշենք, որ, չնայած մեկ տարի առաջ ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությանը, Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Գազայի հատվածում՝ պնդելով, թե դրանց թիրախում ՀԱՄԱՍ-ի զինյալներն են:



