ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում
Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Երևանի և Գյումրիի երկու ընտրատեղամասում:
Ըստ Հայաստանում ՌԴ դեսպանատան՝ հանրապետության տարածքում քվեարկության անցկացման համար ձևավորվել է երկու ընտրատեղամաս՝ Երևանում ՌԴ դեսպանատան և Գյումրիում գլխավոր հյուպատոսության շենքերում:
Քվեարկությունը կանցկացվի մեկ օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 20-ին, տեղական ժամանակով ժամը 8.00-ից մինչև 20.00-ը (Մոսկվայի ժամանակով՝ 7.00-19.00):
Քվեարկությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած Ռուսաստանի քաղաքացիները, ովքեր մշտապես բնակվում կամ ժամանակավորապես գտնվում են Հայաստանում:
Նախնական գրանցում չի պահանջվում: Քվեարկողները պետք է իրենց հետ ունենան Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձը հաստատող գործող փաստաթուղթ՝ ներքին կամ արտասահմանյան անձնագիր:
Սեպտեմբերի տասնութին Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակիցներն անցկացրել են ընտրողների առանձին խմբերի վաղաժամկետ քվեարկություն, որին մասնակցել են Հայաստանում ՌԴ ԱԱԾ Սահմանապահ վարչության 39-րդ Կարմրադրոշ Լենինականի սահմանապահ ջոկատի ռուս սահմանապահները և նրանց ընտանիքի անդամները:



