շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ անդրադարձ կա խաղաղության օրակարգին. Գրիգորյան

Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ անդրադարձ կա խաղաղության օրակարգին. Գրիգորյան

Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքներով ընդունված 30 կետից բաղկացած հայտարարությունում խաղաղության օրակարգին անդրադարձ կա: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ խաղաղության օրակարգը ներառում է ԼՂ հիմնախնդրի լուծում, ԼՂ հիմնախնդրի մասին կա կետ, կա նաև ապաշրջափակման մասին կետ։

՛՛Գիտեք, որ ապաշրջափակումը լայն կոնտեքստում հանդիսանում է խաղաղության օրակարգի մաս։ Եվ այդ առումով Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը լայն կոնտեքստում կրկին խաղաղության օրակարգի մաս է։ Առանձին որպես ՛՛խաղաղության օրակարգ՛՛ բառ-ձևակերպում նշված չէ, բայց այն կետերը, որոնց անդրադարձ կա 30 կետանոց հայտարարությունում, դրանք բոլորը վերաբերում են նաև խաղաղության օրակարգին։ Եվ պատրաստակամությունը աջակցություն ցուցաբերելու, այդ կետերով առաջ գնալու նաև աջակցություն է խաղաղության օրակարգը առաջ տանելուն՛՛,–հավելեց Գրիգորյանը:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե փաստաթղթում չի խոսվում այն հրատապ անհրաժեշտության մասին, որ պետք է առաջ գնալ ու հիմա լուծել ԼՂ հիմնադիրը,  Գրիգորյանը պատասխանեց, որ Հայաստանն աշխատում է իր բոլոր գործընկերների հետ, որպեսզի փորձի այս օրակարգն առաջ տանի։

Նա ընդգծեց, որ Ռուսաստանը ևս մաս է կազմում այս օրակարգը առաջ տանելուն։

՛՛Գիտեք, որ Ռուսաստանը նույնիսկ պաշտոնյա է նշանակել, պարոն Խովաևը, որը պետք է մասնակցություն ունենա խաղաղության օրակարգն առաջ տանելու գործում։ Կարևորը, որ այս տեքստը պետք չէ առանձին նայել, այս տեքստն ունի ենթավերնագրեր կամ մասեր։ Հղում կատարելը 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններին նշանակում է նաև, ընդհանուր առմամբ, խաղաղության օրակարգին անդրադարձ կատարել։ Բացի դրանից, կան նաև հայտարարություններ, դիրքորոշումներ։ Եվ ինչպես նշեցի, պարոն Խովաևի պաշտոնի նշանակումը ևս խոսում է խաղաղության օրակարգի մասին։ Տեքստը միայն գրված բառերը չեն, այլ ավելի լայն կոնտեքստ ունի՛՛,-ասաց ԱԽ քարտուղարը:

  • Կիսվել: