Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար. Էրդողան
Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել «Կովկասի միջազգային համաժողովի» մասնակիցներին։ Էրդողանը նշել է, որ Կովկասի պատմությունը նաև Թուրքիայի պատմությունն է, գրում է ermenihaber.am-ը:
Նա նշել է. «Դարեր շարունակ մենք կիսել ենք այս աշխարհագրական տարածքի թե՛ ցավերը, թե՛ ուրախությունները։ Այսօր մեր համատեղ պատմությունը մեզ պարտավորեցնում է թողնել մի տարածաշրջան, որտեղ ապագա սերունդները կարող են ապրել խաղաղության և անվտանգության մեջ»։
Ըստ Էրդողանի՝ այս ըմբռնմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը «Շուշայի հռչակագրով» հասցրել են դաշնակցային հարաբերությունների մակարդակի։
«Շուշայում, Ֆիզուլիում և Լաչինում ծածանվող Ադրբեջանի դրոշը նաև Թուրքիայի հպարտությունն է։ Ինչպես միասին ենք ապրել Ղարաբաղի հաղթանակի բերկրանքը, այնպես էլ նույն վճռականությամբ աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»։
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Զանգեզուրի անցուղու բացմամբ կամրապնդվի Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքը, իսկ Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև կապը նոր հնարավորություն կստանա։
«Մենք հավատում ենք, որ Մետաքսի ճանապարհի երթուղիներում աշխուժացող առևտուրը, աճող համագործակցությունը և ամրապնդվող մարդկային կապերը օգուտ կբերեն ողջ տարածաշրջանին»,- հայտարարել է Էրդողանը։



