երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Արագության գերազանցում, ոչ սթափ վիճակում վարում, սխալ կայանում․ պարեկների արձանագրած խախտումների թիվն աճել է

Արագության գերազանցում, ոչ սթափ վիճակում վարում, սխալ կայանում․ պարեկների արձանագրած խախտումների թիվն աճել է

Ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումն ու ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը Պարեկային ծառայության շուրջօրյա գործունեության առանցքային ուղղություններից են։ Այդ նպատակով պարեկային ծառայողներն իրականացնում են հետևողական վարչարարություն՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես ճանապարհային երթևեկության անվտանգությանն անմիջականորեն սպառնացող իրավախախտումները։

2026 թվականի 9 ամիսների ընթացքում Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և մարզային ստորաբաժանումների ծառայողների կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 779 578 արձանագրություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 723 781-ի դիմաց՝ 55 797-ով ավելի։

Տրանսպորտային միջոցների թվի զգալի աճը նոր պահանջներ է առաջադրում ճանապարհային անվտանգության ապահովման հարցում՝ առավել ընդգծելով Պարեկային ծառայության շուրջօրյա վերահսկողության, կանխարգելիչ միջոցառումների և հետևողական վարչարարության կարևորությունը։

2017 թվականի համեմատությամբ Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվն աճել է շուրջ 80 տոկոսով՝ 567 404-ից հասնելով ավելի քան 1 միլիոն 27 հազարի։ Մինչդեռ ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվը նվազել է։ Տրանսպորտային միջոցների թվի զգալի աճի պայմաններում զոհերի թվի նվազումը Պարեկային ծառայության հետևողական աշխատանքի, երթևեկության վերահսկողության և ճանապարհային անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների արդյունք է։

Պարեկային ծառայության վարչարարությունն ուղղված է ոչ միայն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը, այլև երթևեկության բնականոն ընթացքը խաթարող իրավախախտումների կանխարգելմանը։ Ավտոմեքենաները երկրորդ շարքում կամ մայթերին կայանելը և այլ իրավախախտումները սահմանափակում են ճանապարհների թողունակությունը, խոչընդոտում տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժն ու նպաստում խցանումների առաջացմանը։

Վերահսկողության կարևոր ուղղություններից է արագության սահմանված չափի պահպանման նկատմամբ հսկողությունը։ Իրականացված միջոցառումների արդյունքում արձանագրվել է արագության գերազանցման 89 369 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75 786-ի դիմաց։

Հետևողական աշխատանք է իրականացվել նաև երեխաների անվտանգ տեղափոխման կանոնների պահպանման ուղղությամբ։ Պարեկային ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանց մանկական նստատեղի՝ քարսիթի, երեխաների տեղափոխման 10 844 դեպք՝ նախորդ տարվա 9 067-ի դիմաց։

Երթևեկության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ուշադրության կենտրոնում է սխալ կայանումների դեմ պայքարը։ Մասնավորապես, երկրորդ շարքում կայանման 35 392 դեպք է արձանագրվել՝ նախորդ տարվա 14 241-ի դիմաց, իսկ մայթերին կայանման դեպքերը կազմել են 2 162՝ 2025 թվականի 1 211-ի դիմաց։

Պարեկային ծառայողների հետևողական վարչարարության և իրականացված թիրախային միջոցառումների արդյունքում բացահայտվել է ոչ սթափ վիճակում վարելու 16 297 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 15 544-ի դիմաց։

Վարչարարության արդյունավետության գործում կարևոր դեր ունեն նաև տեխնիկական միջոցները։ Տեսալուսանկարահանող սարքերի կիրառումը հնարավորություն է տալիս շուրջօրյա ռեժիմով արձանագրելու երթևեկության կանոնների խախտումները և ապահովելու դրանց նկատմամբ հետևողական վերահսկողություն։

Պարեկային ծառայողների թիրախային աշխատանքը նպատակ ունի ձևավորել ճանապարհային երթևեկության պատասխանատու մշակույթ, որտեղ կանոնների պահպանումը կլինի վարքագծի մաս, իսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները՝ խախտումները չկրկնելու միջոց։

  • Կիսվել: