չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նավթի գների միջազգային անկումը կբերի Հայաստանից արտահանման ծավալների կրճատման․ տնտեսագետ

Նավթի գների միջազգային անկումը կբերի Հայաստանից արտահանման ծավալների կրճատման․ տնտեսագետ

Նավթի գների անկումն իր բացասական ազդեցությունը կունենա բոլոր այն երկրների վրա, որոնք նավթ են արտահանում: Գների անկումը շղթայական ռեակցիայով բացասական ազդեցություն կունենա նաև տվյալ պետությունների հետ սերտ կապեր ունեցող երկրների վրա, այդ թվում՝ Հայաստանի։ Նման կարծիք InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Այսինքն՝ եթե Ռուսաստանում վիճակը վատանում է, ռուբլին արժեզրկվում է, դա իր ազդեցությունն է թողնում Հայաստանի վրա»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե ռուսական ռուբլին արժեզրկվում է, բնականաբար, դեպի ՀՀ մասնավոր տրանֆերտները կնվազեն, ինչպես նաև ներդրումները կկրճատվեն։

Բացի այդ, ըստ տնտեսագետի, արտահանման ծավալները կնվազեն, արդեն իսկ այդ միտում կա։ «Ռուբլու արժեզրկումը նշանակում է խոչընդոտների ավելացում և պահանջարկի նվազում Ռուսաստանում և հայկական ապրանքների թանկացում ռուսական շուկայում»,- ասաց նա։

Ատոմ Մարգարյանը նշեց, որ ռուսական ռուբլին արժեզրկվել է 8-9%-ով։ «Այս պահի դրությամբ նավթի շուկան երեկվա խոշոր անկումից հետո կայունացել է, բայց ընդհանուր ռիսկերը մնում են՝ կապված կորոնավիրուսի, «ՕՊԵՔ+» ձևաչափի երկրների անհամաձայնության հետ»,- ընդգծեց տնտեսագետը՝ հիշեցնելով, որ նավթի գները սկսեցին նվազել այն բանից հետո, երբ «ՕՊԵԿ+»-ի մասնակիցները չկարողացան երկարացնել նավթի արդյունահանումը նվազեցնելու պայմանավորվածությունը:

Նա նաև ասաց, որ եթե այս տեմպերով շարունակվի, ապա հայկական դրամը, որը սահմանափակ փոխարկելիության արժույթ է, ապահովածության առումով պրոբլեմային,  Կենտրոնական բանկը հնարավոր է ռեզերվների որոշակի մասը վաճառի, որպեսզի կայուն պահի փոխարժեքը։

«Դա շատ կարևոր է, քանի որ մեր արտաքին պարտքը բավականին բարձր մակարդակի վրա է և սպասարկման լուրջ գումարներ է կլանում։ Այս իրավիճակում, կարծես թե, ֆինանսական համակարգը կայուն պահելու խնդիր կա»,- նշեց Ատոմ Մարգարյանը։

Հարցին, արդյոք այսօր ազդեցությունն այնքան ուժեղ կլինի, որքան 2015-ին, տնտեսագետն ասաց, որ այս պահին դժվար է կանխատեսումներ անել։ «2015 թվականին այդքան մեծ կորուստներ չեն եղել։ Ըստ կանխատեսումների՝ կորոնավիրուսի վարակը մինչև հունիս հավանաբար չի նահանջի, իսկ դա նշանակում է, որ տուրիզմը զգալի կտուժի, ներդրումները կնվազեն, ավիափոխադրողները զգալի կորուստներ կկրեն։ Բացի այդ, չի բացառվում, որ որոշ նախագծեր չեղարկվեն, իսկ դա կբերի եկամուտների նվազման»,- ընդգծեց Ատոմ Մարգարյանը։

Հիշեցնենք, որ ասիական շուկաներում երեկ նավթի գինը նվազել էր 31%-ով։ Պատճառն այն է, որ նավթ արտահանող երկրների կազմակերպությունն (ՕՊԵԿ) ու Ռուսաստանը չեն կարողացել համաձայնության գալ նավթի արդյունահանման ծավալների նվազեցման և գնանկումը կանխելու հարցի շուրջ: 

  • Կիսվել: