Մոսկվայում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել
Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Մոսկվայի հայկական Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ անցկացվել է Սուրբ Նահատակների փառաբանության արարողություն:
Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ արարողությանը մասնակցում էին ՌԴ նախագահի ադմինիստրացիայի ներքին քաղաքականության դեպարտամենտի՝ կրոնական կազմակերպությունների հետ համագործակցության գլխավոր խորհրդական Ալեքսանդր Տերենտևը, ՌԴ ԱԳՆ չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և հայ համայնքի ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Եկեղեցական համալիրի տարածքում գտնվող Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանին օրվա ընթացքում ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, հայկական կազմակերպությունների պատասխանատուներ, համայնքի անդամներ:
Օրվա խորհրդին նվիրված՝ Մոսկվայի «Տապան» թանգարանում կազմակերպվել է ցուցադրություն, կայացել հոգևոր ու դասական երաժշտության համերգ, որին մասնակցել են «Ռուսական ֆիլհարմոնիա»-ի սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Մոսկվայի սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարի երգչախմբերը: Նշենք, որ բացի մայրաքաղաք Մոսկվայից, ՌԴ այլ քաղաքներում և շրջաններում ևս հայկական կազմակերպությունների կողմից հիշատակի միջոցառումներ են անցկացվել: