շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Լիոնի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լիոնի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հոկտեմբերի 24-ին Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Պատվիրակության կազմում էին Լիոնի փոխքաղաքապետ, կենսաբազմազանության հարցերով պատասխանատու Սոֆիա Պոպոֆը, Կենսաբազմազանության և քաղաքային բնության վարչության տնօրեն Սեբաստիան Բուշեն և Մարդու իրավունքների, քաղաքային դիվանագիտության և կլիմայական դիվանագիտության ծրագրերի ղեկավար Ժուլիան Գուրդենը։

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։ Նա ներկայացրել է Հուշահամալիրի կառուցման պատմությունը ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը:

Տիկին Սոֆիա Պոպոֆը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Լուսինե Աբրահամյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:

Հյուրերը մեծ հետաքրքրությամբ են լսել հատկապես Անատոլ Ֆրանսի և Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեության մասին:

Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին տիկին Սոֆիա Պոպոֆը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

  • Կիսվել: