ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հունաստանի երկու կուսակցությունների նախագահներ անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հունաստանի երկու կուսակցությունների նախագահներ անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հունաստանի ՊԱՍՈԿ (Համահունական սոցիալիստական շարժում) կուսակցության նախագահ Նիկոս Անդրուլակիսը հայտարարությամբ անդրադարձել է  Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին՝ նշելով, որ «մեր պարտքն է մշտապես պայքարել պատմական հիշողության պահպանման և հայերի, ասորիների և Փոքր Ասիայի և Պոնտոսի ողջ հույն բնակչության ցեղասպանության ժամանակ կատարված հանցագործությունների միջազգային ճանաչման համար։ Սա միակ երաշխիքն է, որ մենք՝ որպես մարդկություն, պետք է կանխենք դրանց կրկնությունը ապագայում»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության նախագահի՝ X-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ ասվում է. «Այս տարի մենք հարգում ենք Հայոց ցեղասպանության սկզբի 110-րդ տարելիցը։ Անկում ապրող Օսմանյան կայսրությունում հայերը, ասորիները և Փոքր Ասիայի և Պոնտոսի հունական բնակչությունը դարձան երիտթուրքական շարժման համակարգված բնաջնջման արշավի զոհը:

 

Ցավի և արմատախիլ լինելու ընդհանուր փորձը կապեց մեր ժողովուրդներին՝ ստեղծելով անկոտրելի կապեր: Ես պատիվ եմ ունեցել 10 տարի առաջ Ցեղասպանության 100-րդ տարելիցին Երևանում ներկա գտնվելու հիշատակի միջոցառումներին՝ հարյուր հազարավոր մարդկանց կողքին մասնակցելով խորապես հուզիչ երթի։ Ավելին, 2016 թվականին ես Եվրոպայի հայկական դաշնության հետ համատեղ կազմակերպել եմ ցուցահանդես Եվրախորհրդարանում՝ նվիրված Ցեղասպանությունից հետո հարյուրավոր մշակութային ժառանգության հուշարձանների ոչնչացմանը։

Մեր պարտքն է մշտապես պայքարել պատմական հիշողության պահպանման և հայերի, ասորիների և Փոքր Ասիայի և Պոնտոսի ողջ հույն բնակչության ցեղասպանության ժամանակ կատարված հանցագործությունների միջազգային ճանաչման համար։ Սա միակ երաշխիքն է, որ մենք՝ որպես մարդկություն, պետք է կանխենք դրանց կրկնությունը ապագայում»:

Իսկ «Հելլենական լուծում» կուսակցության նախագահ Կիրիակոս Վելոպուլոսի՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ուղերձում, որը նա հրապարակել է «Ֆեյսբուք»-իր էջում, նշված է. «Այսօր լրանում է բարբարոս թուրքերի կողմից մեր հայ եղբայրների ցեղասպանության 110 տարին։ Այս զարհուրելի հանցագործությունը մարդկության դեմ, Պոնտոսի, Իոնիայի, Կոստանդնուպոլսի, Իմբրոսի, Տենեդոսի, Կիպրոսի հույների և ասորիների ցեղասպանությունների հետ մեկտեղ, շարունակում է մնալ մարդկության պատմության ամոթալի խարանը։

Ամենավատը ո՞րն է։ Այս հանցագործությունները դեռևս անպատիժ են մնացել, մինչդեռ հանցագործ թուրքերը շարունակում են օգտվել իրենց կողոպուտից՝ տարածքային, պատմական, մշակութային։

Այսօր, երբ հարգում ենք նահատակների հիշատակը, ոգեշնչվում ենք հավերժ հերոսներից։ Թեհլերյանի, Տորլաքյանի, Շիրակյանի, Ծաղիկյանի, Պողոսյանի, Գևորգյանի պայքարները ապացուցեցին, որ «հրեշը» անպարտ չէ։

Հույներն ու հայերը՝ միավորված, պարտավոր են հետևել հերոսների օրինակին՝ մինչև հանցագործությունների համաշխարհային, համընդհանուր ճանաչումը, մեղավորների և նրանց ժառանգների հաշվետվողականությունը և օկուպացված տարածքների ազատագրումը։ Միայն այդպես «այլևս երբեք»-ը կդառնա իրականություն։

Հավերժ փառք նահատակներին և հերոսներին»։

  • Կիսվել: