Վիեննայի Շիլլերի հրապարակում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի է ունեղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում։
Ավստրիայում ՀՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը` դիվանագիտական անձնակազմի հետ միասին, ծաղկեպսակ են զետեղել հուշարձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հայ Առաքելական Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի կողմից մատուցվել է զոհերի ոգեկոչման կարգ:
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով, մասնավորապես նշելով, որ Հայաստանն իր մեծ նպաստն է բերում ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերին։ Միևնույն ժամանակ, ցեղասպանության կանխարգելման գործում էական դեր ունի հզոր, կայուն ու զարգացած երկրի կառուցումը։ «Վստահ եմ, որ սա պետք է լինի հայ ժողովրդի գերագույն նպատակը՝ կառուցել այնպիսի երկիր, որտեղ հայ մարդը կապրի ու կարարի խաղաղ, արժանապատիվ ու անվտանգ կյանքով, որը զերծ կլինի արտաքին սպառնալիքից և մարդկության դեմ հանցագործությունների վտանգից։ Վստահ եմ նաև, որ սա յուրօրինակ հարգանքի տուրք կլինի մեր նահատակներին», ընդգծել է դեսպան Հովհաննիսյանը։
Ելույթներով հանդես են եկել նաև Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը և հայ համայնքի ներկայացուցիչները։ Ասմունքել են Վիեննայի Հովհաննես Շիրազի անվան դպրոցի սաները։