ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՀՀ դեսպանը Բելգիայի Սբ․ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում մասնակցել է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված միջոցառմանը

ՀՀ դեսպանը Բելգիայի Սբ․ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում մասնակցել է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված միջոցառմանը

Ապրիլի 24-ին ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանն, ինչպես նաև Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետները մասնակցեցին Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բելգիայի Սբ․ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում և 1915թ․ նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ կազմակերպված ոգեկոչման միջոցառումներին։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։

Դեսպան Բալայանը հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ նման հանցագործությունների կանխարգելմանն ուղղված Հայաստանի ջանքերին և ընդգծեց 2015թ․ ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ի՝ որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության միջազգային օր ամրագրելու, ինչպես նաև 2024թ. ապրիլին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի ընդունման կարևորությունը։

Դեսպան Բալայանը շեշտեց անցյալի դասերի վրա հիմնված ապագա կառուցելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ Հայաստանը հանձնառու է նպաստելու խաղաղությանը, հաշտությանը և կայուն զարգացմանը՝ քայլեր ձեռնարկելով, որ նման հանցագործությունները երբեք չկրկնվեն:

Ելույթներով հանդես եկան նաև Բրյուսելի Իքսել համայնքի ղեկավար Ղոման դը Ռոզմը, Բելգիայի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դը Մաղդը, Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանը և այլ պաշտոնատար անձինք։

Միջոցառմանը ներկա էին Բելգիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, Եվրախորհրդարանի պատգամավորներ և Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնք ի նշան հարգանքի ծաղիկներ զետեղեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ։

Դեսպան Բալայանի ելույթն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղմամբ։

 

  • Կիսվել: