չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Տարիներ շարունակ նման ընտանիքներում սպանվում են կանայք, երեխաներ, ու մենք ընդամենը արձագանքում ենք կատարվածին. Զոհրաբյան

Տարիներ շարունակ նման ընտանիքներում սպանվում են կանայք, երեխաներ, ու մենք ընդամենը արձագանքում ենք կատարվածին. Զոհրաբյան

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Խաշթառակում դաժանաբար ծեծի ենթարկված 6-ամյա փոքրիկի մահվան դեպքին:

Պատգամավորը, մասնավորապես, գրել է. ՛՛Երեխան մահացավ: Քիչ առաջ մոր ու պապի կողմից դաժանաբար ծեծված Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 6-ամյա փոքրիկը մահացավ։

Երեխան այդպես էլ գիտակցության չեկավ, որովհետեւ փոքրիկին էնպես էին ծեծել, որ բժիշկները ապրելու հույս չէին տեսնում։

Հիմա որ ասեմ՝ ես պնդելու եմ, որ երեխային սպանած մորը կամ պապին պիտի ցմահ դատեն, էն «նրբազգաց» գրանտահպատակները էլի թռնելու են դեմքի՞ս։

Զարհուրելի է։ Տարիներ շարունակ էս ու նման ընտանիքներում, եթե «ընտանիք» բառը սրբապղծություն չէ սրանց դեպքում ասելը, ծեծվում, սպանվում են կանայք, երեխաներ ու մենք բոլորս արձագանքում ենք ընդամենը այլեւս կատարված ողբերգությանը։

Հարց էլ չունեմ հարեւաններին ու համայնքապետին, որոնց աչքի առաջ շիզոֆրենիկ մայրն ու պապը մշտապես տանջել են փոքրիկներին։ Պատասխանը գիտեմ։ Հարցս անիմաստ է լինելու։
Ահավոր ցավի զգացում ունեմ։ Ու ամոթի՛՛։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

 

՛՛Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ օրից անգիտակից էր, միացված արհեստական շնչառության սարք՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: