կիրակի, սեպտեմբեր 20
20 / 9 / 2026
Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան հաշմանդամություն ունեցող երեխային ծեծի ենթարկած դայակը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։

«Ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել դեպքի մասին և համագործակցելով մանկատան ղեկավարության հետ, բացահայտել են այն, հայտնաբերել նշված անձին, ձերբակալել և ներկայացրել քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, այս պահին անձը գտնվում է տնային կալանքի տակ»,- նշեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ երեկ «Հրապարակ»-ը, հղում անելով իր տեղեկություններին, գրել էր, որ օգոստոսի կեսերին մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխային։

«Երեխան, որին ծեծել է դայակ աշխատող կինը, քայլելու և խոսելու ունակ չէ: Տիկինը հարվածել է երեխային, երբ վերջինս ընկել է հատակին սկսել է «պոլի փայտով» հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ ողնաշարին։ Չքայլող և չխոսող տղա երեխային անվանել է «անպիտան»»,- գրել էր լրատվամիջոցը։

Աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը, անդրադառնալով դեպքին տեղեկացրել է, որ դեպքը մանկատան տնօրինությունը նկատել և անմիջապես հաղորդում է ներկայացրել իրավապահներին, իսկ երեխայի առողջական վիճակը ներկայում լավ է. «Հրապարակման մեջ հիշատակված դայակը ազատվել է աշխատանքից, իսկ կատարվածի քրեաիրավական գնահատականը գտնվում է իրավապահ մարմինների իրավասության շրջանակներում։ Երեխայի առողջական վիճակը լավ է, երեխան շարունակում է խնամք ստանալ մասնագիտացված մանկատանը»։

  • Կիսվել: