Ողբերգական դեպք Երևանում. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրել են «Lexus»-ով իրենց մոտ տեղափոխված 6-ամյա տղայի մահը
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բժիշկներն էլ հայտնել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել «սրտի կանգ» ախտորոշմամբ։
Պարեկներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանները պարզել են, որ երեխան տեղափոխվել է Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակից, որտեղ ըստ նախնական տեղեկությունների երեխան ինքնագլորով կամ բախվել է «Lexus»-ին, կամ «Lexus»-ը վրաերթի է ենթարկել երեխային։
Դեպքի վայրում հայտնաբեվել են ինքնագլորը և արնանման հետքեր։
Տարածքը պարեկները սահմանազատել են։
Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Տեսանյութը՝ այստեղ:



