Ռուսաստանում կփոխի արտոնագրով աշխատող ներգաղթյալների վերաբերյալ ծանուցման կարգը
2027 թվականի հունվարի 1-ից կփոխվի օտարերկրացիների՝ արտոնագրի հիման վրա աշխատանքային գործունեություն իրականացնելու մասին Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմիններին ծանուցելու կարգը։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հավելելով, որ նշված ծանուցումների ներկայացման կարգը կախված կլինի գործատուի կարգավիճակից։
Մասնավորապես հաղորդվում է, որ ֆիզիկական անձի մոտ աշխատելու դեպքում օտարերկրացիները պետք է արտոնագիրն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում ինքնուրույն ծանուցում ներկայացնեն Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմին։ Իսկ եթե օտարերկրացին աշխատում է իրավաբանական անձի մոտ, ապա աշխատանքային պայմանագրի կնքման և լուծման մասին ծանուցումները Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմին է ներկայացնում գործատուն՝ եռօրյա ժամկետում։
Բացի այդ՝ օտարերկրացուն աշխատանքից ազատելու մասին Ռուսաստանի ՆԳՆ-ին ժամանակին չծանուցելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ մինչև 800 հազար ռուբլու չափով վարչական տուգանքի կամ մինչև 90 օր ժամկետով գործունեության վարչական կասեցման տեսքով։
Հաղորդվում է նաև, որ գործատուի համար օտարերկրացու աշխատանքային գործունեության մասին ծանուցում ներկայացնելու ամենահարմար եղանակը «Госуслуги» պորտալից օգտվելն է։



