«Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել Ստեփանավանի ընտրությունների արդյունքները
Փաստաբան Գոհար Մելոյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դիմում է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները։
«Այժմ գտնվում եմ Ստեփանավանում թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին, որում ամփոփվում են Ստեփանավավանի ընտրության արդյունքները:
Տեղեկացնում եմ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ համամասնական ընտրակարգով անցկացված Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել:
Դիմումով հիմնավոր ներկայացրել ու անդրադարձել ենք.
Ընտրական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումները չարամտորեն շրջանցելով՝ ընտրողներին մոլորեցնելու ու խաբեությամբ քվե կորզելու նախապես պլանավորած գործընթացին.
Իրավապահ համակարգի կողմից նախընտրական քարոզչությանը միջամտելու և ընդդիմադիրների նկատմամբ հակաքարոզչություն իրականացնելուն.
Վարչական ռեսուրսի համակարգային օգտագործմանը.
Հավաքների ազատությունը սահմանափակելով՝ նախընտրական քարոզչություն խոչընդոտելուն.
Ընտրողներին նյութապես շահագրգռելու դեպքերին.
Հարյուրյակներով տեխնիկական եվ բովանդակային խախտումներին:
Ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում արձանագրված փաստական և իրավական մեր կողմից արձանագրված հանգամանքներն իրենց բնույթով, ծավալով, տարածվածությամբ և ազդեցությամբ խաթարել են»,- գրել է նա։
Տեսանյութը՝ այստեղ:



