Շվեյցարիան և Հյուսիսային Կորեան վերականգնել են դիվանագիտական կապերը
Շվեյցարիան վերսկսել է Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակի աշխատանքը և առաջարկել աջակցել Փհենյանի ու Սեուլի միջև երկխոսության վերականգնմանը՝ Կորեական թերակղզում լարվածության աճի ֆոնին: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը։
Մասնավորապես նշվում է, որ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը հոկտեմբերի 29–30-ն այցելել է Փհենյան, այնուհետև՝ Սեուլ։
Ըստ Շվեյցարիայի ԱԳՆ-ի՝ Փհենյանի գրասենյակը վերսկսել է աշխատանքը հոկտեմբերի 19-ին։ Այն ենթարկվում է Պեկինում Շվեյցարիայի դեսպանությանը, որը պատասխանատու է Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների համար։ Նախկին գրասենյակը զբաղվում էր մարդասիրական համագործակցությամբ և փակվել էր 2020 թվականին՝ COVID-19 համավարակի պատճառով։ Երկրների միջև քաղաքական խորհրդակցությունները դադարել էին 2019 թվականին։
Փհենյանում Կասիսը հանդիպել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ղեկավար Չհվե Սոն Հիի և իշխող Աշխատավորական կուսակցության ղեկավարության ներկայացուցչի հետ։ Կողմերը քննարկել են քաղաքական երկխոսության վերականգնման և անվտանգության հարցերը։ Կասիսը հայտարարել է, որ առաջարկել է Շվեյցարիայի աջակցությունը լարվածության նվազեցման գործում, և որ նախաձեռնությունը, ըստ երևույթին, բարեհաճ ընդունելության է արժանացել։
Սեուլում հարավկորեացի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ շվեյցարական գրասենյակը կօգնի կապեր հաստատել Փհենյանի հետ։



