Ռուս մասնագետները կօգնեն Ադրբեջանին արդիականացնել զրահատեխնիկան. Շուգաև
Ռուս մասնագետները կօգնեն Ադրբեջանին կառուցել և արդիականացնել երկրի զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող զրահատեխնիկայի վերանորոգման օբյեկտները։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՖՍՎՏՍ) տնօրեն Դմիտրի Շուգաևը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ստորագրվել է մի ամբողջ ծրագիր, որը նախատեսում է Ադրբեջանի բանակի սպառազինության մեջ գտնվող զրահատեխնիկայի վերանորոգման օբյեկտների արդիականացում և կառուցում»:
ՖՍՎՏՍ-ի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանն այսօր գործընկերներին ոչ միայն պատրաստի արտադրանք է առաջարկում, այլև մասնակցում է ռազմատեխնոլոգիական համագործակցությանը։



