հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քննարկում՝ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Քննարկում՝ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, որսորդական հասարակական կազմակերպությունների, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմիների աշխատանքների համակարգող գրասենյակի ներկայացուցիչներ։

Օրենսդրական փոփոխությունները նպատակաուղղված են կանոնակարգելու ոլորտը՝

հստակեցնելով որսի իրականացման գործընթացները՝ տարանջատելով որսորդությունը ձկնորսությունից,

 սահմանելով և խմբագրելով փոփոխություններով պայմանավորված որոշ կարևոր հասկացություններ,

 ամրագրելով որսորդական մինիմումի քննության անցկացման կարգի մշակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը,

 հստակեցնելով և տարանջատելով որսի ոլորտի և զենքի ոլորտի լիազոր մարմինների պարտավորությունների շրջանակը և այլն։

Նախագծերով նախատեսվում է կարգավորել որսի հասարակական իրավահարաբերությունները և որսի գործընթացը՝ դրանք առավել վերահսկելի դարձնելով, կբարելավվի որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման բնագավառը։

Հանդիպման արդյունքում որոշվեց ևս մեկ քննարկում կազմակերպել Ազգային ժողովի պատգամավորների մասնակցությամբ՝ օրենքների նախագծերի փաթեթը օրենսդիրի կողմից նախաձեռնած օրենքի նախագծի հետ համահունչ դարձնելու և առկա անհամապատասխանությունները շտկելու նպատակով։

 

  • Կիսվել: