Վերջին տարիներին Հայաստանը բախվել է այնպիսի սպառնալիքների, որոնք նախկինում շատերի համար անհավանական էին թվում։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանը՝ անդրադառնալով «հակասաֆարովյան օրենք» ընդունելու անհրաժեշտության մասին։

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք բազմիցս լսել ենք՝ դա երբեք չի լինելու, դա մեր օրակարգում չէ, դրա մասին խոսելը ավելորդ է, սակայն կյանքը ցույց տվեց, որ պետությունը և հայրենիքը չեն կարող անվտանգ և անառիկ մնալ միայն լավատեսության կանխատեսումների, թշնամական տրամադրված երկրների ղեկավարներին կիրթ կամ կառուցողական որակավորելու հիման վրա։

Այսօր ցանկանում եմ խոսել մի խնդրի մասին, որի շուրջ Հայաստանի իշխանությունները նախընտրում են լռել կամ հակադարձել ասելով, որ դա դա ադրբեջանական խոսույթ է, որը Հայաստանի օրակարգում չէ։ 

Ադրբեջանի պետական պաշտոնյաները տարիներ շարունակ խոսում են Հայաստանի Հանրապետության տարածքում 100 հազարավոր ադրբեջանցիների բնակեցման մասին, այդ գաղափարը ներկայացնում եմ որպես պետական քաղաքականության ուղղություն։ Այն ներառվում է պաշտոնական հայտարարություններում, միջազգային հարթակներում, բարձրացվող բոլոր պահանջներում, քարոզչական օրակարգերում, պետական ֆինանսավորման օղակներում։ Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Մեր իշխանությունը շարունակում է ապրել այնպես, կարծես ոչ մի սպառնալիք գոյություն չունի։

Ինձանից հետո կարող եք գալ այստեղ, ասել՝ նման բան չկա, դուք փորձում եք մանիպուլացնել։

Ազգային անվտանգությունը չի կարող հիմնվել միայն իշխանության օրակարգի վրա, այն պահանջում է հասկանալ նաև հակառակ կողմի նպատակներն ու օրակարգը և ժամանակին կանխել դրանցից բխող ռիսկերը։ Ի վերջո, 44-օրյա պատերազմն էլ ձեր օրակարգում չէր, սակայն դա չխանգարեց, որ Ադրբեջանը պատերազմ սկսի, որի հետևանքով կորցրեցինք Արցախը։

Եթե այսօր ասում եք, որ որևէ սպառնալիք ձեր օրակարգում չէ, արդյոք սա նշանակում է, որ այն չի կարող լինել։ Եթե Ադրբեջանը պետական մակարդակով հայտարարում է նման նպատակների մասին, ապա Հայաստանը պարտավոր է ունենալ կանխարգելիչ իրավական մեխանիզմ։ Սա չի նշանակում, որ վաղը հարյուր հազարավոր մարդիկ կհայտնվեն Հայաստանի սահմանին, միգուցե օրացույցային տեսանկյունից վաղը չգան, բայց այն կարելի է նաև հասկանալ հետևյալ կերպ, մոտ ապագայում, առաջին իսկ հավանական պահին»,–ասաց նա։

Մանուկյանը նկատեց, որ այսօր ՀՀ օրենսդրությունը որևէ առանձնահատուկ մոտեցում չի նախատեսում Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանում սեփականության ձեռք բերման հարցում. «Արդյո՞ք դա նորմալ է այն պայմաններում, երբ այդ պետությունը շարունակում է սպառնալ Հայաստանին, չի հրաժարվել ինչ-ինչ սցենարների պարագայում ուժի կիրառման քաղաքականությունից, պետական մակարդակով տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանը, անդադար հայտարարում է, որ պետք է փոխվի ՀՀ սահմանադրությունը։ Վստահ եմ, որ նորմալ չէ։ Այո, կա բացթողում  կա թերություն և այդ թերությունը այսօր առավել քան ցայտուն է։

Աշխարհի բազմաթիվ երկրներում գործում են սահմանափակումներ, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։ Այդ պետությունները հասկանում են, որ հողը պարզապես գույք չէ, այն ինքնիշխանության ու անվտանգության բաղադրիչ է, պետականության բաղադրիչ է»։

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ Թուրքիայի հողային գրանցման մասին թիվ 26-44 օրենքը նախատեսում է, որ օտարերկրյա ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել անշարժ գույք միայն օրենքով սահմանված պայմաններով և Թուրքիայի նախագահի կողմից սահմանված պետությունների քաղաքացիների շրջանակում. «Հայաստանը ներառված չէ այդ իրավունքից օգտվելու պետությունների ցանկում: Այսինքն, ՀՀ քաղաքացիների նկատմամբ Թուրքիայում գործում է անշարժ գույքի, սեփականության իրավունքի ձեռքբերման փաստացի արգելք։ Հետևաբար մենք ևս պարտավոր ենք քննարկել օրենսդրական լուծումներ, որոնք Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ կսահմանեն հատուկ կարգավորում անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հարցում։ Սա որևէ ժողովրդի նկատմամբ թշնամանքի, խտրական վերաբերմունքի մասին չէ։ Սա մերժողական վերաբերմունք է հակահայկական ծավալապաշտական քաղաքականությանը։

Այսօր, երբ Ադրբեջանը խոսում է Հայաստանի ներսում, ադրբեջանցիների զանգվածային բնակեցման մասին, մենք իրավունք չունենք հերթական անգամ ասել՝ դա մեր օրակարգը չէ։

Եթե նույնիսկ այսօր այդ վտանգը դեռ իրականություն չի դարձել, անհրաժեշտ է, որ մենք վաղը թույլ չտանք, որ վաղը վտանգը մոտենա մեզ և իրականություն դառնա։ Պատասխանատու իշխանությունը սպառնալիքները արձանագրում է ոչ թե այն ժամանակ, երբ արդեն ուշ է, այլ նախապես։

Եթե իսկապես կարծում եք, որ նման սպառնալիք գոյություն չունի, եթե ձեր նպատակը Ադրբեջանի շահերին նպաստելը չէ, ապա որևէ պատճառ չկա չմիանալու այս նախաձեռնությանը, ընդհակառակը կարող ենք ձեր առաջարկներով կատարելագործել այն և միասին ընդունել ազգային անվտանգությունից բխող լուծում»: