ՇՄ նախարարը հանդիպել է երիտասարդների հետ
Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է, որը նպատակ ունի բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը և ուշադրություն հրավիրել նրանց առջև ծառացած հիմնախնդիրներին։
Օրվա խորհրդի համատեքստում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Շրջակա միջավայրի նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի անդամների հետ։
Հանդիպման ընթացքում երիտասարդները նախարարին փոխանցեցին «Երիտասարդների ազգային հայտարարությունը», որը մշակվել է Երիտասարդների տեղական համաժողովի՝ LCOY Հայաստանի շրջանակում՝ Հայաստանի տարբեր մարզերից ավելի քան 100 երիտասարդների և դեռահասների մասնակցությամբ։
Հայտարարությունն ամփոփում է կլիմայի փոփոխության վերաբերյալ Հայաստանի երիտասարդների առաջնահերթությունները, առաջարկներն ու ակնկալիքները՝ ներկայացնելով նրանց միասնական դիրքորոշումը։
«Ինձ համար կարևոր է, որ երիտասարդների ձայնը լինի լսելի, իսկ նրանց ներգրավվածությունը բնապահպանական և կլիմայական օրակարգերի ձևավորման գործընթացներում՝ իրական և գործուն։ Երիտասարդների գաղափարները, նախաձեռնողականությունն ու նորարար մոտեցումները կարող են էական ներդրում ունենալ մեր երկրի բնապահպանական քաղաքականությունների մշակման և իրականացման գործում»,-նշել է նախարարը։



