Պետք է ընդունենք, որ մենք դեռ շատ հեռու ենք կարգապահ ազգ լինելուց․ Քերոբյան
Մենք ստիպված ենք գործել մահակային ռեժիմով, որպեսզի վերջ ի վերջո մեր երկրում բոլորը սովորեն դիսցիպլինա։ Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Կառավարության ընդունած որոշումների իրականացանը։ Նա նշեց, որ առաջադեմ երկրները ամենակարգապահ երկրներն են՝ Ճապոնիա, Գերմանիա, և մենք պետք է ընդունենք, որ հեռու ենք կարգապահ ազգ լինելուց և պետք է աշխատենք մեզ վրա։
«Կառավարությունը պետք է գործիքակազմը այնպես ուժեղացնի, որ ընդունված որոշումները մինչև վերջ իրացվեն»,– ասաց նա։
Վահան Քերոբյանը նկատեց, որ այսօր էլ սրճարաններում շարունակում են ծխել։ Անդրադառնալով սպանդանոցներին՝ նա ասաց․ «Հիմա մենք փորձում ենք խելքի բերել խոշոր եղջերավոր կենդանիների մորթի ենթակառուցածքը և ապահովել ենք, որ խանութում վաճառվող միսը լինի սպանդանոցում մորթված։ Դրա համար ինտենսիվ ամենօրյա ստուգումներ ենք իրականացնում, և համարյա ամեն օր ունենք արձանագրություններ։ Հիմա մենք ձեռնամուխ ենք եղել այդ կարգավորումների խստացմանը, որ տնտեսվարողները իսկապես ցավ զգան այդ ստանդարտները խախտելու համար»,– ասաց նա։


