չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Վահան Քերոբյանի և մյուսների դեմ քրեական գործը փլուզվում է. փաստաբան

Վահան Քերոբյանի և մյուսների դեմ քրեական գործը փլուզվում է. փաստաբան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ քրեական գործը, որով անցում են նախարարության այլ պաշտոնյաներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, աստիճանաբար փլուզվում է։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց փաստաբան Տիգրան Եգորյանը:

Նշենք, որ Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ Փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Վահան Քերոբյանի նկատմամբ կիրառվում են հնարավոր բոլոր սահմանափակումները, նրան նույնիսկ չեն թույլատրում բժշկական ծառայություններ ստանալ։

Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ՝ գործուն զղջալու հիմքով։

Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է Վահան Քերոբյանի և «Synergy»-ի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասով, որոնք հրաժարվում են ընդունել իրենց մեղքը։ Քերոբյանը մնում է տնային կալանքի տակ, իսկ Հովհաննիսյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։

Ինչպես նշեց Եգորյանը, 6 մեղադրյալներն իրենց ցուցմունքներում հայտարարել են, որ մեղավոր չեն, բայց միևնույն ժամանակ «գլխացավանքից» ազատվելու համար նրանք համաձայնել են քրեական հետապնդման դադարեցմանը զղջման միջոցով:

«Անի Գևորգյանի պարագայում այդ մեղքը չի էլ ընդունվել և արդարացվել է»,–ասաց փաստաբանը։
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե վարույթ իրականացնող մարմինն արդյոք «գործարք» չի առաջարկել էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին` Եգորյանը նշեց, որ Քերոբյանն այն մարդը չէ, որ կգնար գործարքի և կզղջար մի բանի համար, որն իրականում չի արել։

  • Կիսվել: