չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է

Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է

 ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ քրեական գործով փոփոխություն է եղել, վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս, որը նախկինում պաթոսով հայտարարվում էր։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Քերոբյանի պաշտպան Վաչե Սիմոնյանը։

Սիմոնյանի խոսքով` երբ խոսում են հանրային վտանգի մասին, քրեական հետապնդումը գործուն հիմքով դադարեցնելու համար պետք է այդ հանրային վնասը հարթված լինի կամ այլ կերպ հատուցված։

«Մի քիչ մանրամասնեմ, թե ինչ հանրային վնասի մասին է խոսքը։ Առաջինն այն է, որ էկոնոմիկայի նախարարության բարի համբավին պատճառվել է վնաս, երկրորդ վնասն այն է, որ «Հարմոնիա» ընկերությունը կրել է վնաս` բաց թողնված եկամտի տեսքով, և երրորդ ամենամեծ վնասն այն է, որ պետությունը զրկվել է հանրային ներդրումների ծրագրի բանկ ստեղծելու հնարավորությունից։ Անցած շաբաթ Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է, և պետությանը պատճառված հանրային վնասը հանվել է մեղադրանքի ձևակերպումից։ Այսկերպ գործը էապես աղքատացել է»,– ասաց Սիմոնյանը։

Նա ընդգծեց, որ այդ որոշումները կայացնում է դատախազությունը, ոչ թե քննչական մարմինը, և հստակ երևում են նրանց միջև առկա հակասությունները։

Նշենք, որ Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ Փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Վահան Քերոբյանի նկատմամբ կիրառվում են հնարավոր բոլոր սահմանափակումները, նրան նույնիսկ չեն թույլատրում բժշկական ծառայություններ ստանալ։ Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ՝ գործուն զղջալու հիմքով։

  • Կիսվել: