շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պատերազմին մասնակցելը բժիշկ-մարտիկի համար պարտք էր խղճի առաջ

Պատերազմին մասնակցելը բժիշկ-մարտիկի համար պարտք էր խղճի առաջ

«Սեպտեմբերի 30-ին երեկոյան արդեն Ստեփանակերտում էի, չէի պատկերացնում որ քաղաքն այդքան ոչ կենսունակ է: Կյանքը պարզապես սառել էր…»,- պատմում է Վազգեն Հայրյանը:

Պատերազմի մասնակից ապագա բժիշկներին բժշկական բուհում հատուկ ակնածանքով են վերաբերում:

Վազգեն Հայրյանը Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող է: Մարդասիրական մասնագիտությունն ընտրած երիտասարդը նախքան պատերազմի մեկնարկը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում որպես կամավոր էր աշխատում անցած տարվա ապրիլից՝ պայքար մղելով համավարակի դեմ, օգնելով ավագ գործընկերներին: Չարաբաստիկ պատերազմի մեկնարկի առաջին օրվանից նա դեպի Ստեփանակերտ ուղևորվելու տարբերակներ էր մտածում:

Վազգեն Հայրյանը ծնվել է Աբովյան քաղաքում, բայց արմատներով Արցախից է: Աբովյանից բեռնատարի վարորդի կողքին նստելով ուղևորվեց Արցախ: Դեռևս չունենալով հստակ ծրագիր, թե որտեղ է կատարելու իր մարդկային և մասնագիտական պարտքը, բենզալցակայանում պատահաբար զրույցի է բռնվում մի տղայի հետ, որը պարզվում է իր ծառայակից ընկերոջ մեծ եղբայրն է: Այդպես նա տեղափոխվում է Արցախի պաշտպանության բանակի չորրորդ պաշտպանական շրջան (Ասկերան), առաջնագիծ՝ դիրքերը չլքելով և ոչ մի օր, սեպտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 18-ը: Անհրաժեշտությունից ելնելով տարաբնույթ բուժօգնություն է ցուցաբերել վիրավորներին, դուրս բերել խրամատներից:

«Մարտական գործողությունների ընթացքում ես առաջին հերթին զինվոր էի»,- ընդգծում է բժիշկ-մարտիկը:

Պատերազմի մասին խոսելիս ավելորդ բառեր շռայլել չի սիրում: Պատասխանելով այն հարցին, թե ինչն իրեն մղեց դեպի առաջնագիծ նշում է.

«Դա պարտք էր սեփական խղճի առաջ»:

Առ այսօր իրեն զանգահարում են վիրավոր տղաները, որոնց օգնել է, զինակից ընկերները: Ցավով է նշում, որ պատերազմում մասնագիտական հմտություններն առավել կատարելագործվեցին, փոխվեցին առաջնահերթությունները: Սրտաբանի փոխարեն որպես նեղ մասնագիտացում Ընդհանուր բժշկության ֆակուլտետի սովորողն ընտրելու է անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի պահանջված մասնագիտությունը:

Չի բացառում, որ հնարավորության դեպքում կշարունակի մասնագիտական գործունեությունը Արցախում: Վազգեն Հայրյանը 2008-ից 2010 թվականներին զինվորական ծառայություն է անցել Արցախի ՊԲ-ում: 2011 թվականին ընդունվել է ԵՊԲՀ: Ամուսնացած է, ունի 6 -ամյա դուստր:

  • Կիսվել: