չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պարզաբանում. Տաթևիկ Ռևազյանի Դանիա մեկնելը որևէ կապ չունի ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման հետ

Պարզաբանում. Տաթևիկ Ռևազյանի Դանիա մեկնելը որևէ կապ չունի ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման հետ

Լրատվականներից մեկը քիչ առաջ տեղեկություն հրապարակեց, թե իբր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով լքել է երկիրն ու տեղափոխվել Դանիա։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ հաստատեց Տաթևիկ Ռևազյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ հղիության առիթով այժմ գտնվում է արձակուրդում։

«Դանիայում իմ գտնվելը որևէ կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, և ո՛չ էլ երեխայիս քաղաքացիություն ստանալու հետ։ Դանիան այժմ շատ ավելի վտանգավոր է վիրուսի տարածման առումով, քան Հայաստանը, ուստի «կորոնավիրուսից փախնելը» անհեթեթություն է։ Դանիա մեկնել եմ ընտանիքիս կողքին լինելու համար։ Ֆիզարձակուրդը պետք է սկսեր մարտի 20-ից, սակայն հաշվի առնելով, որ նույն կորոնավիրուսի պատճառով Դանիայի կառավարությունը որոշում էր կայացրել փակել իր սահմանները, ես որոշեցի մեկնել հիմա՝ օգտվելով նախորդ տարվանից մնացած արձակուրդից»,- նշեց Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը։

Ինչ վերաբերում է երեխայի քաղաքացիությանը՝ Ռևազյանը նշեց, որ Հայաստանում ծննդաբերելու պարագայում էլ երեխան կարող է Դանիայի քաղաքացի դառնալ, քանի որ այդ երկրի օրենսդրությամբ երեխայի քաղաքացիությունը որոշվում է նրա մոր քաղաքացիությամբ։

«Իմ երեխան լինելու է Դանիայի և Հայաստանի երկքաղաքացի, քանի որ 2017 թվականին, երբ ես տեղափոխվեցի Հայաստան, առաջին քայլս քաղաքացիություն ստանալը եղավ», - հայտնեց Ռևազյանը։

  • Կիսվել: