Պարոն Փաշինյանն ինձ խոստացել էր, իսկ Դավիթ Տոնոյանը՝ տղամարդու խոսք տվել. բողոքի ակցիա՝ հոսպիտալի մոտ
Վայոց ձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատները բողոքի ակցիա են անում:
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստացել էր Եղեգնաձորի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նրան դաժան ծեծի ենթարկելու համար երկու անձ կալանավորված է։
«Դիմում եմ ձեզ պարոն Փաշինյան: Քննչականը երեք նամակներից պատասխանն էլ չի տվել: Պարոն Տոնոյան, Ձեզ գրած դիմումի պատասխանն էլ չեմ ստացել: Իմ տղան արդեն 6 ամիս կոմայի մեջ է, սակայն մինչև հիմա որևէ բան չի ձեռնարկվել, չի էլ ձեռնարկվում, քանի որ ունենք ուժեղ քննչական մարմիններ, որոնք նախկին մարզպետին արանքից հանելու համար ասում են, որ նա այնտեղ չի եղել: Նրանք այնքան ուժեղ են, որ կարող են նման բան հայտարարել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մխիթարյանի հայրը։
Ավագ Մխիթարյանի խոսքերով, փոխանակ ազատության մեջ գտնվող 5 հոգուն էլ կալանավորված 2 քաղաքացիների հետ պատասխանատվության ենթարկեին, մեկին ազատում են գրավի դիմաց. «Մեր դատական համակարգը կարող է առուծախի մեջ մտնել ցանկացած հանցագործի հետ: Բյուջեն լցնելու համար նրանց համար միևնույնն է, թե ով ինչ է տալիս»:
«Մինչև հիմա լռել եմ: Պարոն Փաշինյանն ախպոր պես ինձ խոստացել էր, որ արդար քննություն կլինի, պարոն Տոնոյանն էլ տղամարդու խոսք էր տվել, որ այս գործը չի կոծկվի»,-ասաց նա:



