հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ազատություն Դավիթին․ բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Ազատություն Դավիթին․ բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի դասընկերներն ու ուսուցիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ։

Նշենք, որ բողոքի ակցիային մասնակցում են Դավիթի ոչ միայն ներկա, այլև նախկին դասընկերները։

Դավիթի դասընկերներից մեկը՝ Հենրի Էլբակյանը, լրագրողների հետ զրույցում ասել է.  «Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունն ուշադիր լինի, թե ինչ է տեղի ունենում այստեղ, և կալանքի որոշումը փոխվի»:

Դասընկերուհի Մարիա Պապոյանն էլ նշել է.  «Մենք չեն կարող մի կողմ մնալ, երբ մեր ընկերն այսպիսի իրավիճակում է հայտնվել։ Մեր պահանջն ու խնդրանքն այն է, որ այդպիսի արդար և ազնիվ մարդկանց գործողությունները ստանան հենց այդպիսի արդար ու ազնիվ պատասխան»:

Դասընկերներն ընդգծել են, որ  ակցիան որևէ քաղաքական նպատակ չունի, Դավիթն էլ երբևէ քաղաքականացված անձնավորություն չի եղել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից, հավաքվածներից մեկը վրդովված դիմեց թիկնապահին. «Տենց չնայես ինձ»։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց, որոնցից 2–ը երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն էին։

Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ ձերբակալվածների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապրիլի 1–ին որոշեց 2 ամսով կալանավորել 18-ամյա Դավիթ Մինասյանին։

  • Կիսվել: