երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
«Դպրոցի անձնակազմը հոգեբանի կարիք ունի, իմ աղջկա՞ն են ասում ագրեսիվ»․ կոմայի մեջ գտնվող աղջնակի հայր

«Դպրոցի անձնակազմը հոգեբանի կարիք ունի, իմ աղջկա՞ն են ասում ագրեսիվ»․ կոմայի մեջ գտնվող աղջնակի հայր

Սեպտեմբերի 19-ից, ինչպես գրել էր մամուլը, 10-ամյա աղջիկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ։ Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքը ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։

Հայտնի է, որ այդ օրը 10-ամյա երեխան սովորականի նման այցելել է դպրոց, ապա զանգել են երեխայի 19-ամյա քույրիկին, այլ ոչ հայրիկին կամ մայրիկին և ասել, որ երեխային տեղափոխում են Վեդիի բժշկական կենտրոն, բայց «լուրջ բան չկա, թող ծնողները գան այնտեղ»։ Հարազատները բողոքում են, որ այս ընթացքում ո՛չ դասղեկը, ո՛չ տնօրենը երեխային այցի չեն եկել:

«Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Նոնա Անդրեասյանն այսօր ուշագրավ հայտարարություններ է արել այս դեպքի հետ կապված: Մասնավորապես, նա հայտարարել է, թե աղջկա հետ աշխատում է հոգեբան, նա երբեմն ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերում, բայց գրանցված չէ որպես կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխա:

Այլ կերպ ասած, բուն խնդրի վրա կենտրոնանալու փոխարեն, թե ի՞նչ է տեղի ունեցել իր ղեկավարած դպրոցում, որի հետևանքով երեխան մահվան հետ քանի օր կռիվ է տալիս, տնօրենը որակավորումներ է տալիս երեխային, որը, մեղմ ասած, հարիր չէ մանկավարժին ու կրթօջախի տնօրենին։

MediaHub-ը կապ հաստատեց երեխայի հոր՝ Լևոնի հետ: Վերջինս, որ այսօր վթարի է ենթարկվել կնոջ հետ, վրդովված է տնօրենի խոսքերից։ «Իմ աղջիկը ո՛չ ագրեսիվ է, ո՛չ հոգեբանական խնդիրներ է ունեցել, իմ աղջիկն ուղղակի աշխույժ երեխա է, բոլորն էլ դրա մասին գիտեն»,- շեշտեց նա։

Մեջբերենք տնօրենի խոսքը. «Ուսուցչուհին սովորաբար այդ երեխային մենակ չէր թողնում գնալ։ Երեխան էդ օրը շատ հանգիստ է եղել, նորմալ է եղել, և ուսուցիչը թողել է նրան դուրս գալ։ Մենք ենթադրում ենք, որ ինչ-որ ձայն է լսել ներքևից, կռացել է, որ նայի, կորցրել է հավասարակշռությունը ու ընկել։ Վերևում այդ պահին աշակերտ չի եղել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: