Ռուբիոն հայտարարել է ԱՄՆ-ի և Հնդկաստանի առևտրային բանակցությունների շուտափույթ ավարտի մասին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Մումբայում Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների շուտափույթ ավարտի մասին։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։
Նշվում է, որ կողմերը միաժամանակ քննարկել են համագործակցության ընդլայնումն էներգետիկայի, տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտներում:
Ռուբիոն լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել է. «Մենք շատ, շատ մոտ ենք։ Ես կասեի, որ համաձայնագրին այնքան մոտ ենք, որքան հնարավոր է մինչև դրա ստորագրումը։ Մնացել է կարգավորել հարցերի փոքրաթիվ շրջանակ, և կարծում եմ՝ դա տեղի կունենա մոտ ապագայում»:
Նշենք, որ Վաշինգտոնի և Նյու Դելիի միջև բանակցությունները մի քանի ամիս փակուղում էին մնացել՝ ամերիկյան մաքսատուրքերի և Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումների շուրջ տարաձայնությունների պատճառով։ 2025 թվականի օգոստոսին բանակցությունների տապալումից հետո ԱՄՆ-ը մինչև 50 տոկոս մաքսատուրքեր սահմանեց հնդկական ապրանքների մեծ մասի նկատմամբ։ Փետրվարին կողմերը շրջանակային պայմաններ էին համաձայնեցրել, որոնք նախատեսում էին դրույքաչափի իջեցում մինչև 18 տոկոս, սակայն գործարքի հետագա քննարկումը կանգ էր առել։
Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիթհարամանը հայտարարել էր, որ բանակցությունները հասել են փակուղային կետի։ Միևնույն ժամանակ, առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը անցած շաբաթ հայտնել էր, որ համաձայնագրի առաջին փուլի շուրջ աշխատանքը ավարտական փուլում է։ Հնդկաստանը ձգտում է, որ վերջնական մաքսատուրքերը համադրելի լինեն մրցակից արտադրական կենտրոնների, մասնավորապես՝ Վիետնամի համար գործող դրույքաչափերին։
Հավե;ենք նաև, որ Մումբայում Ռուբիոն և Ջայշանկարը նաև եռակողմ հանդիպում են անցկացրել Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ մասնակիցները քննարկել են տարածաշրջանային էներգետիկ անվտանգության և ընդհանուր տնտեսական առաջնահերթությունների հարցերը։



