երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Լանդշաֆտների վերականգնումից՝ նոր աշխատատեղեր և համայնքների զարգացում. ՇՄ փոխնախարարը մասնակցել է քննարկմանը

Լանդշաֆտների վերականգնումից՝ նոր աշխատատեղեր և համայնքների զարգացում. ՇՄ փոխնախարարը մասնակցել է քննարկմանը

COP17-ի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Հայկ Առաքելյանը մասնակցել է բազմակողմ զարգացման բանկերի տաղավարում կազմակերպված «Հեկտարները վերածելով աշխատատեղերի» խորագրով քննարկմանը՝ ներկայացնելով լանդշաֆտների վերականգնումը համայնքների տնտեսական զարգացման հետ համադրելու Հայաստանի փորձը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Նախարարի տեղակալի ելույթում անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի հետ իրականացվող, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և Շվեդիայի աջակցությամբ ֆինանսավորվող «RESILAND Հայաստան» ծրագրին։ Ներկայացվել են անտառների և խոնավ տարածքների վերականգնման աշխատանքները, ինչպես նաև էկոտուրիզմի ու անտառի ոչ փայտանյութային բարիքների կայուն օգտագործման միջոցով համայնքների համար եկամտի նոր աղբյուրներ ձևավորելու հնարավորությունները։

Ընդգծվել է, որ բնության վերականգնման ծրագրերը պետք է ի սկզբանե ներառեն տեղական տնտեսական գործունեության զարգացման բաղադրիչը՝ բնակիչներին հնարավորություն ընձեռելով եկամուտ ստանալ և անմիջական մասնակցություն ունենալ վերականգնված տարածքների պահպանությանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական ծրագրերում մասնավոր ներդրումների ներգրավմանը՝ կարևորելով չափելի արդյունքները, վստահելի տվյալները և համայնքների համար շոշափելի օգուտների ապահովումը։

  • Կիսվել: