շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միակ մարմինը, որը կարող է կասեցնել շինարարությունը «Ֆիզգորոդոկ»-ում, դատարանն է․ Քաղաքապետի խոսնակ

Միակ մարմինը, որը կարող է կասեցնել շինարարությունը «Ֆիզգորոդոկ»-ում, դատարանն է․ Քաղաքապետի խոսնակ

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ֆիզգորոդոկ»-ի հատվածում կառուցապատմանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Ճշգրիտ եւ հնարավորինս հակիրճ տեղեկություն՝ «Ֆիզգորոդոկ»-ի հատվածում կառուցապատման մասին.

  1. Հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին:

  2. Երևանի քաղաքապետարանը իրավական հնարավորություն և լիազորություն չունի չեղարկելու սեփականաշնորհման որոշումը:

  3. Այդ տարածքում արդեն տրված է եղել 12-հարկանի շենքի շինթուլտվություն 2007 և 2012 թվականներին:

  4. 2019-ին քաղաքապետարանը մերժել է նախկին շինթույլտվության երկարացումը և պահանջել կառուցապատողից՝ նորից անցնել բոլոր փորձաքննությունները:

  5. Քաղաքապետարանը կազմակերպել է հանրային լսում (նման ֆորմատով առաջին անգամ՝ վերջին առնվազն 20 տարվա մեջ):

  6. Քաղաքապետը պահանջել է, որ նախագիծը ներկայացվի քաղշին խորհուրդ` հեղինակավոր ճարտարապետների գնահատմանը (գրեթե միաձայն քվեարկությամբ նախագիծն ընդունվել է):

  7. ԿԳՄՍ-ն 2021-ի փետրվարին հայտնել է, որ ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը որպես նորահայտ հուշարձան, այնուհետև, 2021-ի մայիսին, հանել Ալիխանյան 6/1-ի հողակտորը այդ տարածքից:

  8. 2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Քաղաքապետարանը ՊԱՐՏԱՎՈՐ Է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին և տարածքը ընդգրկված չէ հուշարձանների ցանկում:

  9. Բնակիչները դիմել են դատարան՝ վիճարկելու կառուցապատումը, դատարանը վարույթ է ընդունել գործը, բայց չի կասեցրել շինարարութունը:

  10. Միակ մարմինը, որը կարող է կասեցնել շինարարությունը, դատարանն է, քաղաքապետարանը տվյալ պայմաններում այդպիսի լիազորություն չունի»:

Նախօրեին «Ֆիզգոռոդոկ»-ի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց` բողոքելեվ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում 12 հարկանի շենքի կառուցման դեմ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել, և կային բերման ենթարկվածներ։

  • Կիսվել: