երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մինչ այս պահը Ֆիզգորոդոկի շինհրապարակում աշխատանքները դադարեցված են

Մինչ այս պահը Ֆիզգորոդոկի շինհրապարակում աշխատանքները դադարեցված են

Շենքի շինարարությունը կասեցվել է մինչև կավարտվի գործի քննությունը։ Այս մասին հայտարարություն են տարածել Ֆիզգորոդոկի բնակիչներն իրենց ֆեյսբուքյան էջում:

«Սեպտեմբեր 16-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հրավերով Ֆիզիկայի գիտավանի բնակիչների մի խումբ մասնակցեց հանդիպում-քննարկման, որի ընթացքում ԱԺ պատգամավորների և քաղաքապետարանի ներկայացուցիչների համար ներկայացրեցինք ՖիզԳորոդոկում ընթացող ապօրինի շինարարության հետ կապված բոլոր խնդիրները:

Ներկա էր նաև կառուցապատող Ռատկո ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Մնացականյանը, ում հակափաստարկներն, հիմնականում, սահմանափակվում էին բնակիչների անձնական թիրախավորմամբ, ինչի շարունակական դրսևորումները և Մնացականյանի ագրեսիվ վարքն արձանագրեցին նաև մյուս ներկաները: Հանդիպման հաջորդ օրը պատգամավորները Երևանի քաղաքապետարանի տեսչական մարմնի և Գազպրոմ Արմենիայի տեսուչի ուղեկցությամբ այցելեցին ՖիզԳորոդոկ:

Ռատկո ՍՊԸ-ն արգելեց բնակիչերին մուտք գործել ապօրինի շինհրապարակ, սակայն պաշտոնական հանձնախումբը կարողացավ ներս մտնել ու տեղում արձանագրել շինհրապարակի կազմակերպման խախտումները, տեսնել փորված փոսորակն ու դեռևս առկա վերգետնյա բետոնի հատվածը, որն ապացուցում է տեղում որևէ նկուղի բացակայությունը: Հանձնախումբը, մասնավորապես, արձանագրեց, որ բնակիչների գազամատակարարումն ապահովող գազատար խողովակն անցնում է շինհրապարակով` ընթացող փորման աշխատանքների անմիջական հարևանությամբ, ինչը շինհրապարակի կազմակերպման լուրջ խախտում է:

Գազպրոմ Արմենիայի ներկայացուցիչը բնակիչներին ասաց, որ կառուցապատողը պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղափոխել ցանկապատն այնպես, որ խողովակն այլևս ընդգրկված չլինի շինհրապարակում: Տեսչական մարմնի ներկայացուցիչները հավաստիացրեցին, որ ձեռնարկել են խնդրի խորքային ուսումնասիրություն` հողի ապօրինի օտարման գործընթացից մինչև շինաշխատանքների իրականացում:

Ակնկալում ենք անաչառ և արդարացի փորձաքննություն, ինչի արդյունքում ի վերջո վեր կհանվի հանրային հողի ապօրինի զավթման ողջ պատմությունն ու այն օրենքի ուժով կվերադարձվի համայնքին: Երեկ տեղի ունեցած այցից մինչ այս պահը շինհրապարակում աշխատանքները դադարեցված են:

Նշենք, որ Ֆիզգորդոկ կոչվող գիտավանի բնակիչները բողոքում են տարածքում բազմահարկ շենքի շինարարության դեմ, այն համարելով ապօրինի։ Նրանք մի քանի անգամ արդեն բողոքի ակցիաներ են իրականացրել շինարարության դեմ, որի արդյունքում օրեր անց հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Շենքի շինարարությունը կասեցվել է մինչև կավարտվի գործի քննությունը»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: