Մենք ո՞ւմ ենք ուրախացնում, մեր հարեւանների՞ն. Սերգեյ Բագրատյան
ԱԺ-ում այսօրվա հայհոյախառն միջադեպին անդրադարձավ ԲՀ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագատյանը: Նա նշեց. ՛՛Օղորմածիկ տատս մի խոսք ուներ, ասում էր՝ ուր գնում ես, տեղդ իմացիր, բալա ջան՛՛։
Նրա խոսքով՝ պետք չէ կրակի վրա բենզին լցնել և մեկի ասած ինչ-որ բանին անպայման վրավորելով պատասխան տալ: ՛՛Լավ, ինչ-որ մեկը մի բան ասեց, որ ինձ դուր չեկավ կամ Սասուն Միքայելյանին դուր չեկավ, աշխարհը դրանով հո չի՞ ավարտվելու։ Առավել զսպվածության կոչ պետք է լսենք նախագահությունից։ Տիկին Նազարյան, ձեզ շատ հարգում եմ, բայց ինձ թվում էր՝ դուք հենց խոհեմության կոչ պետք է անեք, պետք է ասեիք՝ չենք իջնելու գոտկատեղից ներքեւ հարվածներին՛՛,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ իրենք իրենք պետք է հստակ իմանան իրենց՝ խորհրդարանում գտնվելու նպատակը։ ՛՛Եվ այսօր, երբ բազմաթիվ պառլամենտներում ընդդիմությունը դիմության հետ ուս ուսի են տալիս երկրի խնդիրը լուծելու, մենք այս ինչո՞վ ենք զբաղվում։ Մենք այսօր մեր ռեսուրսը մաշում ենք՝ չհասկանալով, որ այն ժողովրդին է պետք։ Այո, ժողովուրդը շատ վատ վիճակում է, գաղտնիք չէ, այդ վատ վիճակը այս մի ամսում չի եղել, տարիներ շարունակ է եղել։ Հիմա, քանի որ օպերատիվ վիճակն է թելադրում, ժողովուրդ ջան, ես ձեզ խնդրում եմ՝ եկեք իրար օգնենք, որ այս վիճակից դուրս գանք։
Մենք ո՞ւմ ենք ուրախացնում, մեր հարեւանների՞ն ենք ուրախացնում։ Նրանք հիմա ծափահարում են այս վիճակի համար։ Վեճեր կլինեն, դա թող լինի քաղաքական վեճ, տնտեսական վեճ, սոցիալական վեճ, բայց ոչ անձերով, ոչ թիմերով, ոչ մի ամբողջ խմբակցության վիրավորելով։ Որեւէ մեկս մյուսից ոչ ավելի խելացի է, ոչ ավելի լավը։ Բայց մենք մի նպատակ պիտի ունենանք՝ երկիրը այս վիճակից հանելու։ Եթե պատրաստ եք, ուս ուսի տանք, եթե պատրաստ չեք, բոլորս գնանք մեր տները, կգան այն մարդիկ, ովքեր պատրաստ են դրան՛՛,-ասաց Բագրատյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Արարատ Միրզոյանի ու Էդմոն Մարուքյանի միջև տեղի էր ունեցել հայհոյախառն միջադեպ:



