Գերմանիայում միգրանտների արտաքսման քաղաքականության խստացման դեմ բողոքի ցույցեր են անցկացվում
Մյունխենի օդանավակայանի մոտ ավելի քան 700 մարդ բողոքի ակցիայի է դուրս եկել ընդդեմ միգրանտների արտաքսման համար նախատեսված հատուկ տերմինալի կառուցման։ Այս մասին տեղեկացնում է Welt թերթը։
Նշվում է, որ խոսքը այն միգրանտների մասին է, որոնց ապաստան տրամադրելու դիմումը մերժվել է։ Ցույցը տեղի է ունեցել շաբաթ Օբերդինգ կոմունայում՝ Գերմանիայի արտաքսման քաղաքականության խստացման դեմ համազգային արշավի շրջանակում:
Ինչպես հաղորդվում է՝ Մյունխենի օդանավակայանում նախատեսում են կառուցել առանձին տերմինալ, որը պետք է արագացնի և պարզեցնի մարդկանց երկրից արտաքսելու գործընթացը։ «Թույլ չտալ արտաքսումների տերմինալ Մյունխենում» արշավի կազմակերպիչներն օդանավակայանը կառավարող Flughafen München GmbH ընկերությանը մեղադրում են արտաքսումների ընդլայնման համար ենթակառուցվածք ստեղծելու և դրանից տնտեսական շահ ստանալու մեջ։
Արշավի ներկայացուցիչներից մեկը, մասնավորապես, նշել է. «Արտաքսումների տերմինալի միջոցով ընկերությունը տրամադրում է զանգվածային արտաքսումների համար լոգիստիկ ենթակառուցվածք»։
Նա նաև հավելել է, որ նախագծի վերածումը սովորական ենթակառուցվածքային նախաձեռնության վկայում է աջ քաղաքական ուժերի պահանջների նորմալացման մասին։
Ըստ կազմակերպիչների՝ Գերմանիան լքելու պարտավորություն ունեցող մարդկանց թիվը նվազեցնելու համար անհրաժեշտ է ստեղծել նրանց բնակության օրինականացման իրական մեխանիզմներ, այլ ոչ թե ընդլայնել արտաքսումների համար նախատեսված ենթակառուցվածքը։
Նշենք, որ ակցիան անցկացվել է «Ամբողջ Գերմանիայով՝ ընդդեմ արտաքսման խելահեղության» կարգախոսի ներքո։ Մասնակիցները հանդես են գալիս ապաստանի մերժում ստացած միգրանտների արտաքսման, մարդկանց արտաքսումից առաջ կալանքի տակ պահելու և այդ նպատակների համար նոր օբյեկտների կառուցման դեմ։



