Համաշխարհային փառատոնային ասոցիացիան Արցախի համույթների թեմայով հրատապ նիստ է գումարել
Համաշխարհային փառատոնային ասոցիացիան (WOFA) Վիեննայի միջազգային փառատոնին արցախյան մշակութային համույթների մասնակցության հարցով այսօր հրատապ նիստ է գումարել։ Այս մասին հայտնում են «Արցախյան մշակույթի պահպանման» ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում։
Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է։ Միջոցառման կազմակերպիչ Համաշխարհային փառատոների ասոցիացիայի (WOFA) նախագահ Զորան Ստրեզովսկին հայտնել է, որ մի քանի դեսպանատներ են միջամտել. կազմակերպչին գրություն է ուղարկվել, որում խմբերը ներկայացվել են որպես «վտանգավոր», և առաջարկվել է չեղարկել նրանց մասնակցության հրավերը։
«Արցախյան մշակույթի պահպանման» ՀԿ-ն նշում է, որ WOFA-ի նախագահ Զորան Ստրեժովսկին անձնական նամակագրությամբ հայտնել է, թե ի նշան մեզ աջակցության, պատրաստ է նույնիսկ առաջարկել չեղարկել ամբողջ փառատոնը։
«Մենք անընդունելի ենք համարում մշակութային կազմակերպության հասցեին նման լուրջ պնդումների ներկայացումը՝ առանց դրանց փաստական հիմքերը ներկայացնելու։
Ստեղծված իրավիճակը դուրս է մեկ փառատոնի շրջանակներից և առնչվում է մշակութային իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև միջազգային մշակութային համագործակցության ազատությանը»,- նշված է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Կազմակերպությունից խոստանում են նիստի արդյունքների մասին լրացուցիչ տեղեկացնել։
Հիշեցնենք՝ միջազգային փառատոնը պետք է կայանա նոյեմբերին։ Պետք է մասնակցեին Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը։



