շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ կազմակերպված միջոցառմանը

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ կազմակերպված միջոցառմանը

Հոկտեմբերի 24-ին՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և հանդես է եկել բացման խոսքով «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ավելի քան 2000 օբյեկտների ներուժի օգտագործումը կենսաբազմազանության գլոբալ նպատակների իրագործման համար» խորագրով հարակից միջոցառմանը, որը համատեղ կազմակերպվել է COP17-ի ՀՀ նախագահության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր դերը կենսաբազմազանության պահպանության, մշակութային ժառանգության, կրթության և կայուն զարգացման օրակարգերի միջև փոխկապակցվածության ամրապնդման գործում։ Կարևորվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված տարածքների պահպանության և կայուն զարգացման նպատակների համապատասխանեցումը կենսաբազմազանության ազգային ռազմավարություններին, ինչը կնպաստի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի, մասնավորապես՝ 30x30 թիրախի իրագործմանը:

Անդրադառնալով Հայաստանի մոտեցումներին՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է, որ կենսաբազմազանության կորստի կանխարգելումը պահանջում է համապարփակ մոտեցում՝ հաշվի առնելով բնության, մշակույթի և մարդու բարեկեցության սերտ փոխկապակցվածությունը։ Այս համատեքստում կարևորվել են արդյունավետ կառավարման ապահովումը, համահունչ քաղաքականությունների իրականացումը, միջազգային համագործակցության ամրապնդումը և ստանձնած հանձնառությունների գործնական կյանքի կոչումը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը և կենսոլորտը» ծրագրի շրջանակներում առաջին կենսոլորտային արգելոցի ստեղծման ուղղությամբ Հայաստանի կողմից տարվող աշխատանքների մանրամասները։

  • Կիսվել: