ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կկարգավորվեն այլընտրանքային փոխադրամիջոցներին վերաբերող հարցերը

Կկարգավորվեն այլընտրանքային փոխադրամիջոցներին վերաբերող հարցերը

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն, որում, ի թիվս այլ խնդիրների, նախատեսվում է կարգավորել նաև այլընտրանքային փոխադրամիջոցներին վերաբերող հարցերը: Այս մասին հայտնի դարձավ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի և Զարուհի Բաթոյանի` հուլիսի 27-ին կազմակերպած աշխատանքային քննարկման ընթացքում, որը վերաբերում էր Երևան քաղաքում այլընտրանքային փոխադրման միջոցների երթևեկության կազմակերպմանը:

Քննարկումը պայմանավորված էր հանրության համար մտահոգիչ և խնդրահարույց դարձած հարցով` քաղաքի մայթերով էլեկտրական սկուտերների, ինքնագլորների երթևեկով, ինչի չկանոնակարգված լինելը, ինչպես նշում էին մասնակիցներից շատերը, հաճախ պատճառ է դառնում հետիոտների՝ տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ ստանալուն:

Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, այլընտրանքային փոխադրամիջոցներ ներկրողներ, վերոնշյալ գործունեության կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանից:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանի խոսքով` այլընտրանքային փոխադրամիջոցների հարցն այսօր բավական խնդրահարույց է, և քննարկումը նպատակ ունի վեր հանել խնդիրները և համագործակցելով` դրանց լուծումներ տալ:

«Մեր նպատակն այսօր ավելի շատ գործնական առաջարկներ լսելն է և հասկանալը, թե այդ առաջարկներից որո՛նք կարող են հրատապ կարգավորում տալ հարցին: Կարծում եմ` կլինեն առաջարկներ, որոնք նաև օրենսդրական կարգավորման առարկա են, և մենք այդ ուղղությամբ կաշխատենք»,- հավելել է պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

Գրեթե բոլոր ելույթ ունեցողներն արձանագրել են, որ խնդիր, իրոք, կա, և որ այլընտրանքային փոխադրամիջոցները պետք է երթևեկեն փողոցների հատուկ գծանշված հատվածներով, այլ ոչ թե մայթերով, ինչպես այժմ տարերայնորեն կատարվում է: Մայթերով երթևեկելու դեպքում էլ դրանք պետք է հստակ առանձնացված լինեն: Ըստ հնչած առաջարկների` անհրաժեշտ է նաև սահմանափակել կամ կարգավորել վարողների տարիքային շեմը, ինչպես դա արվում է նման փոխադրամիջոցների երթևեկության հարցում մեծ փորձ ունեցող երկրներում: Անհրաժեշտ է լուծել դրանց կայանատեղիների հարցը, ինչպես նաև չթույլատրել մեկից ավելի անձանց գտնվելը մեկ փոխադրամիջոցի վրա: Առաջարկվել է հստակ կարգավորել` որտե՞ղ և ի՞նչ արագությամբ կարելի է վարել նման փոխադրամիջոցները:

Առաջարկ եղավ ուսումնասիրել այլ երկրների փորձը, այդ նպատակով քննարկում կազմակերպել:

Ամփոփելով քննարկումը` Վիլեն Գաբրիելյանը և Զարուհի Բաթոյանը նշել են, որ հնչած առաջարկները հաշվի կառնվեն և նպատակահարմար համարվելու դեպքում կընդգրկվեն Ճանապարհային ոստիկանության մշակած օրենսդրական փաթեթում:

«Կաշխատենք այս քննարկումը տանել ավելի արդյունավետ ճանապարհով, որպեսզի արդյունքներն ավելի շոշափելի լինեն»,- ընդգծել է Վիլեն Գաբրիելյանը:

Քննարկման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասությունների շրջանակում աջակցել խնդրի կարգավորմանը:

  • Կիսվել: