շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Սուդանի արագ արձագանքման զինված կազմավորումները այլընտրանքային կառավարություն են ստեղծել

Սուդանի արագ արձագանքման զինված կազմավորումները այլընտրանքային կառավարություն են ստեղծել

Սուդանում քաղաքացիական պատերազմի սկսվելուց երկու տարի անց ռազմական խունտային ընդդիմացող «Արագ արձագանքման ուժերը»՝ RSF-ն, զինված կազմավորումները հայտարարել են երկրում այլընտրանքային կառավարություն ստեղծելու մասին: Այս մասին ասված է RSF-ի ղեկավար Մուհամեդ Համդան Դագալոյի տելեգրամյան էջում հրապարակված՝ ժողովրդին հղված ուղերձում, տեղեկացնում է Deutsche Welle պարբերականը:

«Այս տարեդարձին մենք հպարտությամբ հայտարարում ենք խաղաղության և միասնության կառավարության՝ լայն կոալիցիայի ստեղծման մասին, որն արտացոլում է Սուդանի իրական դեմքը»,-ասված է Դագալոն Սուդանի ուղերձում: Փաստաթղթում ընդգծվում է, որ խոսքը ոչ թե «զուգահեռ պետության» ստեղծման, այլ Սուդանի «միակ հնարավոր ապագայի»մասին է։

RSF-ի ղեկավարը, մասնավորապես, հայտարարել է «նոր արժույթի» և «նոր ինքնության քարտերի» թողարկման մասին։ Ըստ Դագալոյի՝ նոր կառավարությունը կտրամադրի հիմնական հանրային ծառայություններ «ամբողջ երկրում», ներառյալ կրթությունը, առողջապահությունը և արդարադատությունը:

Հիշեցնենք, որ արդեն երկու տարի է՝ Սուդանում արյունալի պայքար է ընթանում իշխանության համար «Արագ արձագանքման ուժեր»-ի և Սուդանի բանակի միջև՝ նրա հրամանատար և Անցումային ինքնիշխան խորհրդի ղեկավար, գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի գլխավորությամբ:

ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտությունն արդեն իսկ տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել, ավելի քան 12 միլիոն մարդ տեղահանվել է։ Երկու կողմերն էլ՝ բանակը և «Արագ արձագանքման ուժերը», մեղադրվում են ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։

  • Կիսվել: