ՀՀ կառավարությունն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից 80 միլիոն եվրոյի վարկ կվերցնի
Հայաստանի կառավարությունը ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից 80 միլիոն եվրոյի վարկ կվերցնի պետական բյուջեի դեֆիցիտի համալրման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հունիսի 25-ի նիստում։
Համապատասխան պայմանավորվածությունը Կառավարության և հիմնադրամի միջև ձեռք էր բերվել ապրիլի 29-ին։
Կառավարությունը, մասնավորապես, կազմել է պետական կառավարման արդյունավետության բարձրացման ծրագիր (հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշների աճի և ֆինանսական կայունության նպատակով)։
ՕՊԵԿ-ի հիմնադրամից վարկը կտրամադրվի Euribor-ի (միջբանկային վարկավորման եվրոպական դրույքաչափ, որն այս պահին կազմում է 2,606%) 6-ամսյա լողացող դրույքաչափով՝ գումարած 1,56% ֆիքսված դրույքաչափ (ընդհանուր՝ այս պահին տարեկան 4,166%): Վարկի ժամկետը 18 տարի է՝ մայր գումարի 5 տարի արտոնյալ ժամանակահատվածով։



