ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ՀՀ-ում այս տարվա հունվար-փետրվարին 2019-ի համեմատ աճել են հրդեհների դեպքերը

ՀՀ-ում այս տարվա հունվար-փետրվարին 2019-ի համեմատ աճել են հրդեհների դեպքերը

Հանրապետությունում 2020 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները հրդեհի կանչով մեկնել են 478 դեպքի վայր, հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված՝ հնարավոր բացասական զարգացումները կանխելու համար շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած կլոր սեղան-քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետ Աշոտ Մկրտչյանը:

Ըստ քննարկման մասնակիցների՝ պետք է ավելացնել պատկան մարմինների ուշադրությունը, բարձրացնել քաղաքացիների իրազեկումը, քանի որ վերջին օրերին աննախադեպ ավելացել է հրդեհների քանակը, ինչն այս սեզոնի համար շատ բարձր ցուցանիշ է:

Մկրտչյանը նշեց. «2020 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները մեկնել են 478  դեպքի վայր: 2019 թվականի նույն ժամանակահատվածում ՓԾ աշխատակիցները մեկնել են 286 դեպքի վայր: Այս սեզոնին բոլորս էլ հասկանում ենք, որ հրդեհները չեն կարող տարածվել առանց մարդկային գործոնի: Մի կետից մյուսը գնալու և հրդեհը մարելու հետ կապված ԱԻՆ աշխատակիցների համար դժվարություններ են առաջանում, խնդրով պետք է լրջորեն զբաղվել: Փրկարար ծառայության և մարտական հաշվարկների 1640 ելք ենք ունեցել»:  

Նա ասաց նաև, որ անհրաժեշտ է համագործակցել Տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի իրենց հսկողության տակ պահեն նմանատիպ խնդիրները: Մկրտչյանի խոսքով՝ համայնքների ղեկավարները պետք է հետևեն, որպեսզի նմանատիպ դեպքեր չլինեն:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանն էլ ասաց, որ իրենք բացասական փորձ ունեն. մինչև չեն տուգանում քաղաքացիներին, նրանք որևէ գործողություն չեն անում:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Միքայել Սանթրոսյանի խոսքով՝ չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերը և այլ նմանատիպ վայրերում բուսածածկ տարածքներն այրելն արգելվում է:

Նա նշեց նաև, որ քաղաքացիների նկատմամբ նախատեսվում է նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով վարչական պատասխանատվություն, իսկ պաշտոնատար անձանց՝ հարյուրապատիկի չափով:

Կլոր սեղանի ընթացքում փաստվեց նաև, որ հրդեհների մեծ աճ հիմնականում գրանցվել է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում:

  • Կիսվել: