հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հեռակա ուսուցման միասնական քննության պայմանը տարածվելու է նաև ոչ պետական բուհ-երի վրա

Հեռակա ուսուցման միասնական քննության պայմանը տարածվելու է նաև ոչ պետական բուհ-երի վրա

Հանրապետության բուհերում հեռակա ուսուցման կարգում կատարված փոփոխությունների համաձայն ընդունելությունը կատարվելու է միասնական քննությամբ:

Այս տարի ամրագրեցինք, որ հեռակա ուսուցման քննությունները ևս պետք է լինեն միասնական: Քննությունները կազմակերպելու է Գնահատման և թեստավորման կենտրոնը: Հայտագրումը կլինի առցանց dimord.am կայքի միջոցով սեպտեմբերի 5-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Դրանից հետո Գնահատման և թեստավորման կենտրոնն, ըստ դիմորդների քանակի, կսահմանի քննական կենտրոններ: Քննությունները կանցկացվեն հոկտեմբերի վերջին տասնօրյակում: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանն ու հավելեց, որ նախորդ կարգավորումների համաձայն բուհերն իրենք էին ընդունելության քննություններն անցկացնում:

Հեռակա ուսուցման միասնական քննության պայմանը տարածվելու է նաև ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վրա: Հաշվի առնելով, որ կարգը ուշ մտավ ուժի մեջ ոչ պետական բուհերի համար դա կգործի մյուս ուսումնական տարվանից: Նման փոփոխության նպատակն է միասնական մուտքի պայման, միասնական ընդունելություն, հավասար հնարավորություն ապահովելն է:

Նախնական տվյալների համաձայն պետական ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման համար ակնկալվում է մինչև 3 հազար դիմորդի հայտագրում:

Լուսինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ քննարկվում է հեռակա ուսուցման համար առանձին միասնական քննություն չսահմանելու տարբերակը: Այս տարի կփորձարկվի միասնական քննության տարբերակը ու տարվա վերջում արդյունքները ամփոփելուց հետո կլինի վերջանական որոշում:

  • Կիսվել: