երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի մայր բուհում ամփոփվել են հոգեբանների համար մեկնարկած վերապատրաստման դասընթացի արդյունքները

Արցախի մայր բուհում ամփոփվել են հոգեբանների համար մեկնարկած վերապատրաստման դասընթացի արդյունքները

Ամփոփվել են «Արցախի հոգեբանների միություն» մասնագիտական հասարակական կազմակերպության կողմից Արցախի մայր բուհում  մեկնարկած Ստեփանակերտ քաղաքի ուսումնական հաստատությունների հոգեբանների, սոցիալական մանկավարժների, սոցիալական աշխատողների, հատուկ մանկավարժների, լոգոպեդների մասնագիտական վերապատրաստման և ատեստավորման դասընթացի արդյունքները, մասնակիցներին  հանձնվել են հավաստագրեր։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դասընթացի արդյունքում մասնագետները  խորացրել են իրենց տեսական գիտելիքները և անհատական ու խմբային աշխատանքների իրականացման պրակտիկ հմտությունները:

«Դասընթացի նպատակն էր, որպեսզի մասնակիցները իմանան հոգեկան երևույթների առաջացման ու դրսևորման հոգեֆիզիոլոգիական օրինաչափությունները, հոգեկան առողջության պահպանման առանձնահատկությունները, ճանաչեն հոգեբանական հիմնախնդիրների հոգեկան վնասվածքների պատճառահետևանքային կապն ու դրանց ձևավորման հոգեֆիզիոլոգիական մեխանիզմները»,-նշել է ԱրՊՀ  պրոռեկտոր, հ.գ.թ. Վիտյա Յարամիշյանը:

Նա ընդգծել է, որ դասընթացն իրագործվել է գրեթե ամբողջ ծավալով, հասել  իր նպատակին, որովհետև մասնակիցները  վերջում հայտնում էին իրենց գոհունակությունը և ցանկություն հայտնում, որ այն  շարունակական լինի։

«Գիտելիքը ժամանակակից աշխարհում կրկնապատկվում է օրավուր։ Անցկացված վերապատրաստման դասընթացի արդյունքով կքննարկվեն վեր հանված խնդիրների վերլուծությունները, և կնախանշվեն դրանց լուծման ուղիները»,-հավելել է նա։

Դասընթացի մասնակից, հոգեբան Ալյոնա Առուշանյանը մեզ հետ զրույցում կարևորել է նման ծրագրերի  հաճախակի իրագործումը։

«Ստեփանակերտի թիվ 1 պետական մանկապարտեզի  հոգեբանն եմ։ Ունեմ հինգ տարվա  աշխատանքային փորձ։ Աշխատում եմ 3-5 տարեկան երեխաների հետ` խաղային մեթոդներով։ Ցանկանում և կարևորում եմ, որ այսպիսի դասընթացները լինեն շարունակական»,-նշել է Ա. Առուշանյանը` շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին։

  • Կիսվել: