չորեքշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2022
Հայաստանի երկաթուղայինները նշել են իրենց մասնագիտական տոնը

Հայաստանի երկաթուղայինները նշել են իրենց մասնագիտական տոնը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները մի շարք միջոցառումներով նշեցին իրենց մասնագիտական տոնը՝ Երկաթուղայինի օրը (նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը): Հիմնական միջոցառումներն անցկացվել են Երևանում և հանրապետության գլխավոր երկաթուղային քաղաքում՝ Գյումրիում։

Գյումրիում վաստակաշատ աշխատակիցները պարգևատրվել են «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարության և Շիրակի մարզպետի շնորհակալագրերով և նվերներով։ Տոնին ընդառաջ Գյումրիի քաղաքապետարանն ավարտել է կայարանամերձ հրապարակի վերակառուցումը։ 2021 թվականին ՀԿԵ-ն հրապարակում տեղադրեց 19-րդ դարի երկու բեռնատար վագոններով շոգեքարշ։ Գյումրու կայարանային հրապարակն այսուհետ կավելանա քաղաքի տեսարժան վայրերի թվին, որը վերջին շրջանում զբոսաշրջիկների շրջանում մեծ պահանջարկ է վայելում։

Վանաձոր քաղաքում երկաթուղայիններին ՀԿԵ տարածքային կառավարման, Լոռու մարզպետի և Վանաձորի քաղաքապետի կողմից հանդիսավորությամբ հանձնվեցին պատվոգրեր և նվերներ։

Օգոստոսի 5-ին Երևանի երկաթուղու վարչությունում տեղի ունեցավ նաև տոնական միջոցառում, որտեղ վաստակաշատ երկաթուղայինները խրախուսվեցին ընկերության ղեկավարության կողմից։ ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ներկայացրել է ընկերության անցած ուղին և շնորհավորել գործընկերներին տոնի առթիվ։ «Երկաթուղայինների աշխատանքը նախկինի պես մնում է պահանջված, պատվավոր և հարգված, քանի որ երկաթուղային տրանսպորտի անխափան և որակյալ աշխատանքը տնտեսության կայունության և պետության պաշտպանունակության երաշխիքն է», - իր շնորհավորական խոսքում նշել է Ա.Մելնիկովը:

Մոսկվայի տանը տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ընթացքում երկաթուղայիններին շնորհավորել և նվերներ ու պատվոգրեր են հանձնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի, Ռուսաստանի և Բելառուսի դեսպանությունների, ինչպես նաև «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ներկայացուցիչները: Միջոցառումն ավարտվեց տոնական ջազային համերգով:

Ավանդույթի համաձայն, Երկաթուղայինի օրը, այսինքն՝ այս տարվա օգոստոսի 7-ին, ՀԿԵ-ն Հ․Հ․ քաղաքացիներին և զբոսաշրջիկներին հնարավորություն կընձեռի անվճար օգտվել քաղաքամերձ հաղորդակցության ծառայություններից (բացառությամբ էքսպրես գնացքների):

  • Կիսվել: