Հայաստանի բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բնագիտական առարկաների լաբորատորիաներ
Հայաստանի մարզերի և Երևանի բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ: Փետրվարի սկզբից մեկնարկել է ավագ դպրոցներին բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը, որը նպատակ ունի ստեղծել ուսումնական միջավայրեր, որտեղ աշակերտը հնարավորություն կունենա բացահայտել իր ներուժը, փորձարկումներ և փոքրիկ հայտնագործություններ անել, ինչպես նաև դնել իր ապագա հաջողության հիմքերը: Այս մասին InfoPort.am-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Մինչ լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացի մեկնարկը, նախապես մշակվել է բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, լաբորատորիաների կահավորման մոդելները, իրականացվել են ուսումնասիրություններ, կարիքների գնահատում:
Այս լաբորատորիաներում մեկտեղվում են տեսականն ու գործնականը. փաստում են Սիսիանի դպրոցի ուսուցիչները, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաներն արդեն իրականություն են և օգտագործվում են ամենօրյա դասապրոցեսում: Նրանց խոսքով՝ արդի ժամանակներում ուսուցումն ավելի արդյունավետ դարձնելու համար պետք է տեսականը զուգորդել գործնականի հետ. հատկապես դժվար է պատկերացնել բնագիտական առարկաների ուսուցումը առանց համապատասխան նյութերի և սարքավորումների: Գյումրիի Տնտեսագիտական վարժարանում լաբորատոր սարքավորումները նույնպես արդեն կիրառվում են. կենսաբանության բոլոր դասերն անցնում են լաբորատորիայում՝ մեկտեղելով տեսականն ու գործնականը: Վեդիի ավագ դպրոցում ևս լաբորատոր սարքավորումներն օգտագործվում են հետաքրքիր և ուսուցանող լաբորատոր աշխատանք կատարելիս: Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում ևս ներկայացվել են սարքավորումների տեխնիկական հնարավորություններն ու օգտագործման պայմանները, ինչպես նաև դրանց ամենօրյա կիրառելիությունը:


